Հարցազրույց

29.12.2020 16:10


Նիկոլն այդպես տրամաբանող միակ անձն է ՀՀ-ում. Գորիսի քաղաքապետ

Նիկոլն այդպես տրամաբանող միակ անձն է ՀՀ-ում. Գորիսի քաղաքապետ

Yerkir.am-ը զրուցել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին Գորիսում, հատկապես՝ Որոտան համայնքում, որտեղ ադրբեջանական բանակի զինյալներ են շրջում։

-Այսօր սյունցիները ներկ էին լցրել Գորիս-Կապան ճանապարհին, մասնավորապես՝ Որոտան համայնքի մուտքի մոտ տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա։ «Ժողովո՛ւրդ ջան, սա էն չարաբաստիկ զնակն ա, էստեղ կարող է միայն Որոտանինը լինի, միշտ լղոզելու ենք»,– տարածված տեսանյութում ասում է մի տղամարդ։ Ո՞վ է այդ տղամարդը։ Ինչպե՞ս են ադրբեջանցիները արձագանքել սյունեցիների այս գործողություններին։

-Ներկը լցնելուց հետո արձագանք դեռ չի եղել։ Այն քաղաքացին, որը լցրել է, մեր ընկերն է, խնդիր է կատարել։

-Որոտանի այդ հատվածում այդ պահին ադրբեջանցիներ չե՞ն եղել, վտանգավոր չէ՞ր։

-Իհարկե, կան այդ հատվածում։ Մանրամասները չներկայացնեմ... Կարողացել է, արել է։

-Ադրբեջանցիների անմիջական ներկայությունն ինչպե՞ս է ընկալվում սյունեցիների շրջանում։ Խաղաղ համակեցության նախանշաններ կա՞ն։

-Մի հարց ուղղեմ՝ եթե տանից դուրս գաք, տեսնեք թուրքը, զենքը ձեռքին, կանգնած է, Ձեզ մոտ ի՞նչ զգացում կլինի։ Նույն թուրքն է, որը մեկ ամիս առաջ սպանեց իրենց (սյունեցիների – խմբ.) եղբայրներին։

-Հարցս այսպես եմ ձեւակերպում՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած սահմանային փոփոխություններին, վստահեցրել է, որ Սյունիքը վտանգված չէ, եւ ըստ նրա՝ իրականությունը ուղիղ հակառակն է, այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համա՞ր։

-Ձեր նշած անունով մարդը Հայաստանի Հանրապետությունում միակ անձն է, որ կարող է այդպես մտածել։ Նրանից բացի, որեւէ մեկը չկա, որ այդպես տրամաբանի։

-Որոտանի բնակիչները համայնքից հեռանալու միտք ունե՞ն, ինչ իրավիճակ է այս պահին։ Ագարակի մի բնակչուհի՝ մեզ հետ զրույցում ասաց, որ Ագարակի բնակիչների սրտներն ահ ու սարսափ է ընկել՝ գյուղ տանող ճամփան տրվել է թշնամուն։

-Թշնամին ով է, որ վախենանք։ Նրանք պետք է մեզնից ահ ու սարսափ ունենան։ Ամեն դեպքում խնդիր կա, եւ մենք, որպես համայնքային իշխանություն, պետք է փորձենք լուծումներ գտնել՝ մարդկանց կյանքի որակը փոխելու ուղղությամբ։ Գյուղացիներին ապրուստի միջոց է պետք։ Ամիսներ առաջ նրանք զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ այսօր այդ հողերն արդեն նվիրատվություն է արվել թշնամուն։ Այսօր նրանք հող չունեն։

-Իշխանության ցուցումով Սյունիքի համայնքապետերին փորձեցին ձերբակալել, քրեական գործեր հարուցել նրանց նկատմամբ, մինչդեռ սյունեցիները նշում են, որ իրենց անվտանգության երաշխավորը հենց համայնքապետերն են։ Հակասություն է առաջանում, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Ո՞րն է իշխանության այսօրինակ գործելաոճի նպատակը։

-Ում տեսել են պայքարի դաշտում, նրան էլ սյունեցիները համարում են իրենց անվտանգության երաշխավորը։ Այն օրը, երբ Որոտանի բնակիչների 12 բնակարաններն արդեն ադրբեջանցիները վերցրել էին, զուգադիպեց մեզ ձերբակալելու հետ։ Երբ ինձ ձերբակալել էին, Նիկոլը հայտարարեց, թե ցավոտ իրադարձություններ կարող են լինել Սյունիքի երկու գյուղերում։ Ուստի ուղիղ կապ եմ տեսնում մեր ձերբակալությունների եւ Որոտանի դեպքերի միջեւ։ Արեց այնպես, որ այդ բնակարանները հեշտ եւ հանգիստ նվիրի թշնամուն։

-Որտե՞ղ են ապրելու ադրբեջանցիներին տրված տների բնակիչները, ղեկավարությունը լուծե՞լ է նրանց կեցության հարցերը։

-Ես համարում եմ, որ մենք չունենք իշխանություն, եւ դա փաստ է։ Հետեւաբար ի՞նչ պետք է նրանցից ակնկալենք։ Մեր խնդիրները ինքներս ենք փորձում լուծել։ Երբ կունենանք այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը կմտահոգվի գյուղացու, նրա խնդիրների համար, վեր կդասի պետության եւ պետականության շահը, այդ իշխանության հետ կհամագորածկցենք։

-Երբ Փաշինյանը փորձ արեց գալ Սյունիք, սյունեցիները թույլ չտվեցին նրան Սիսիանից այն կողմ անցնել։ Վերջինս հայտարարեց, թե Երեւան-Գորիս ճանապարհը գորիսեցիները փակել են, որովհետև գիտեն` իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։ Վարչապետը փաստորեն վստահ էր՝ աջակիցների լայն շրջանակ է ունենալու։ Այս մոտեցումը ծաղրանք չե՞ք համարում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կտրականապես դեմ էին նրա այցին։

-Մեր Սիսիան համայնքի ղեկավարը Ձեր հարցին սպառիչ պատասխանել է։ Սիսիանն ունի 30 հազարից ավել բնակչություն, իրեն ընդամենը 300 հոգի էր սատարում՝ Սիսիանի բնակչության մեկուկես տոկոսը։ Եթե Նիկոլը համարում է, որ մեծ քաղաքի բնակչության այդքան տոկոսով ամբողջ Սիսիանն իրեն ընդունում է, թող համարի, ուրախ եմ, որ մեկուկես տոկոսն իրեն այդքան ոգեւորում է։

Այս խորագրի վերջին նյութերը