Քաղաքական

11.01.2021 09:51


ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից և բանավոր գաղտնի պայմանավորվածություններից հետո տեղի ունեցած որոշ զարգացումները իրավամբ առաջացրել են մեր ժողովրդի դժգոհությունն ու կասկածը, որոնք անտեսվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից։ 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումների նախօրեին, նույն կասկածելի անձնատու քայլերի հավանականությունը տեղի է տվել նոր մտահոգությունների, որոնք հայրենիքում և սփյուռքում արտահայտվել են թե՛ ժողովրդային մակարդակով և թե՝ ազգային և քաղաքական կառույցների, խմբավորումների կողմից։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Բյուրոն:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը, հատկապես վերջին ամիսներին ավելի հաճախ գործում է գաղտնաբար, առանց որևէ հաշվետվության, հաշվի առնելով նաև, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոնյաների կողմից տրված բացատրությունները երաշխիք չեն կարող համարվել, որ ՀՀ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն կիսում է արտահայտված մտահոգությունները և, առ այդ, հայտարարում է.

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը։

ՀՀ վարչապետի մասնակցությամբ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ընդունված որևէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր մակարդակների ընտրված կամ նշանակված պաշտոնյաները, որոնց պաշտոնների շրջանակում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների ամբողջականության, անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանությունը. այդ պաշտոնյաները պարտավոր են ամեն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղետալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և երկու պետությունների շահերը։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությանը, անվտանգությանը և անկախությանը սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը ՀՀ վարչապետի հեռացմամբ նախատեսված գործընթացն է, որը հնարավորություն կտա ազգային միասնականությամբ դիմագրավելու բոլոր սպառնալիքները։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել են նոր իրավիճակ, երբ տակավին չկարգավորված է մնում Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշություններով հանդերձ։ Առ այդ, միաջազգային համայնքի կողմից հարցի կարգավորման միջնորդությամբ լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդեն իսկ իրականացված՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնությունները, պարտավոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայությանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունություն և խաղաղություն՝ միջազգային օրենքի և սկզբունքների համաձայն կարգավորելու Արցախի հիմնահարցը։

Այս խորագրի վերջին նյութերը