Հարցազրույց

16.05.2011 12:49


Սուքիաս Ավետիսյան

Սուքիաս Ավետիսյան

Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ

-Վերջին շրջանում շատ է խոսվում մարտի մեկի դեպքերի, դրանց բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կստանա սա, նոր մանրամասներ կբացահայտվե՞ն:

-Բնական է, որ եթե հասարակության մեջ դեռևս պահանջ կա, երբ ինչ-որ խնդիրներ դեռ բացահայտված չեն մարտի մեկի հետ կապված, ապա պետք է դրանց ականջալուր լինել, և բնական է, որ հիմա նորից նախագահի հանձնարարականով փորձում են վեր հանել մարտի մեկի հետ կապված նյութերը: Եթե ուշադրություն եք դարձնում, վերջին ժամանակաշրջանում ոչ միայն մարտի մեկի հետ կապված, այլ նաև տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած դեպքերի (որոնք մարդկանց մոտ դեռևս լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս) ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում, որովհետև, ի վերջո, պետք է հասարակության մեջ փարատվեն այն բոլոր կասկածները, որ կան: Հասարակության մեջ առկա բոլոր մտածմունքները, ասեկոսեները, որ կան... Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հասարակությունն ինքն էլ ընդունի, որ դեռևս խնդիրներ կան չբացահայտված, և այսօր բացահայտվել են:

-Այս օրերին մարտի մեկի դեպքերին հաճախ են անդրադառնում նաև խորհրդարանում, ու հիմնականում այդ առաքելությունն իրականացնում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հատկանշական է, որ մարտի մեկի դեպքերին անդրադառնալիս նա հիմնական ու միակ սլաքն ուղղում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

-Ես չեմ ուզում որևիցե մեկի ելույթը մեկնաբանել կամ սլաքն ուղղելու խնդրին անդրադառնալ: Եղել է իրադարձություն, որի ընթացքում զոհվել են անմեղ մարդիկ, և բնական է՝ այսօր պիտի հասարակությունը հստակ իմանա, և այդ ասեկոսեներին պետք է վերջ դրվի, որ, ի վերջո, մարդիկ հասկանան՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչի՞ համար է տեղի ունեցել, և ովքե՞ր են եղել դրա պատասխանատուները: Միգուցե Դալլաքյանն ինչ-որ բաներ գիտի, որոնց մասին որևիցե մեկը չգիտի, դրա համար է սլաք ուղղում: Դա արդեն պետք է Դալլաքյանից հարցնել:

-Ուրեմն նրան պետք է կանչեն հարցաքննությա՞ն:

-Թող կանչեն: Միգուցե Դալլաքյանն ինքն իրոք հիմքե՞ր ունի կամ կարող է՝ հիմքեր չունի, ուղղակի սլաքն ուղղում է, որովհետև այդ ժամանակ ՀՀ նախագահը եղել է Քոչարյանը: Այսինքն, ես չեմ ուզում մեկնաբանություններ անել որևիցե մեկի ելույթի հետ կապված:

նչո՞վ եք բացատրում, որ Վիկտոր Դալլաքյանը վերջին մի քանի տարիներին բավականին դրական է արտահայտվում Սերժ Սարգսյանի մասին:

-Այդ դեպքում էլի պետք է իրեն հարցնեք: Ինքն անկախ պատգամավոր է, ցանկացած ժամանակ իր մտքերը կարողանում է ... որևիցե մեկի հետ ինքը երբեք չի խորհրդակցում, բոլորը լավ գիտեն՝ նա որևիցե անգամ որևէ խմբակցության չի հարել, և ցանկացած ժամանակ ցանկացած ելույթ ունենում է (նկատենք, որ 2003–ից Դալլաքյանը ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղարն էր, որից հետագայում դուրս եկավ ու փորձում էր մտնել այն ժամանակ նորաստեղծ ԲՀԿ, բայց չստացվեց – խմբ.):

-Ըստ Ձեզ՝ Դալլաքյանը պատրաստված, ճշտախոս և բանիմաց քաղաքական գործի՞չ է:

-Ես համարում եմ, որ Դալլաքայնը շատ գրագետ, շատ պատրաստված է, երկար տարիներ խորհրդարանում է, և բնական է, որ դա իր ազդեցությունն ունենում է մարդու` որպես քաղաքական գործչի ձևավորման վրա:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում նրա այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը խաղամոլ է և հանցագործ:

-Ես Դալլաքյանի ելույթները չեմ ուզում մեկնաբանել: Թե նրա ելույթների մեջ ո՞ր մասն է ազնիվ նկատառումներով, ո՞ր մասը՝ հերյուրանքներով, ո՞ր մասն է ուղղակի փորձում մարդկանց մեղադրել։ Դրա համար համապատասխան կառույցներ կան, և եթե գտնեն, որ նրա ելույթների մեջ կան ինչ-որ խնդիրներ, որ պետք է այդ ելույթները վերլուծվեն, պետք է նրա հետ հարցում կամ քննություն արվի, դա այդ կառույցների գործն է:

-Խոսքը կոնկրետ վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ արված նրա հայտարարության մասին է: Համացանցում տարածված այդ տեսանյութում Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է. «Ձեր աշխատավարձը, թոշակը խի՞ է ցածր, որովհետև երբ որ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլո է գնում ու կոնը պետք է խաղա, այսինքն՝ ղումար, 50 հազ դոլար ա էդ կոնը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ գումար ա, այսինքն՝ որ ստավկեն սկսվում է, դնում են 50 հազար։ Այ դրանք ձեր փողերն են։ Այսինքն, ձեզ ձեռ են առնում՝ 20 դրամ թոշակը բարձրացնում են ու ասում են՝ ձեր թոշակները բարձրացրին, բա խի՞ չեք ուրախանում»:

-Ես չեմ տեսել այդ տեսանյութը, անկեղծ ասեմ: Բայց եթե ինքը նման է բան ասել, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև մեղադրել, երբ դու ...ես չգիտեմ՝ ինքը դա տեսե՞լ է:

-Համենայնդեպս, ասել է:

-Ասելն ուրիշ բան է: Ես կարծում եմ՝ ցանկացած բանի մասին, որ խոսում են, պետք է նաև պատասխանատվություն ունենան: Այսինքն, շատ վատ է, որ խոսում են, և անցնում է: Եթե խոսում են հստակ փաստերով, ուրիշ հարց է, բայց եթե խոսում են ու փաստեր չունեն, ուրեմն մարդը պետք է դրա համար պատասխան տա: Եվ, առավել ևս, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն ընդհանրապես պետք է կարողանա մեր ղեկավարների նկատմամբ (կլինի պատգամավոր, պետական կառույցի ներկայացուցիչ կամ այլ ոք) ավելի կոռեկտ վերաբերմունք ունենալ, հանիրավի չփորձի նրանց անունը շահարկել ցանկացած առումով: Մեզ մոտ շատ վատ երևույթ է դարձել, երբ ամեն մեկը կարծում է, որ ինքն ավելի լավն է, ինքը դիմացի ղեկավարից ավելի լավն է, ավելի գրագետ է, ավելի կոռեկտ է, ավելի հայրենասեր է, և փորձում են դրանով ղեկավարների մասին ինչ-որ բաներ խոսել: Ես դա ընդհանրապես սխալ եմ համարում:

-Բայց նոր Դուք չէի՞ք ասում, որ Վիկտոր Դալլաքյանը գրագետ ու պատրաստված քաղաքական գործիչ է:

-Չէ՛, չեմ ասում՝ անգրագետ է: Էլի եմ ասում՝ գրագետ է, բայց ես իմ կարծիքն եմ ասում. գրագետ մարդն էլ պետք է կարողանա այնպես արտահայտվել, որ ինքն իր արտահատյության համար վաղը մյուս օրը ...գիտեք՝ գրագետն էլ պետք է գրագետ ձևով արտահայտվի: Ի՞նչ է նշանակում՝ դու փորձում ես, ասենք, թոշակները ...եթե ինչ-որ մեկն այդ թոշակները....: Գիտեք, արդեն մի քանի ամիս է՝ խոսվում է թոշակների, նպաստների հետ կապված խնդիրների մասին: Բնական է՝ դրա ո՛ր մասն է իրավացի, ո՛ր մասն է ճշմարտացի, ո՛ր մասն է ուռճացրած, դա արդեն դատախազությունը թող քննի: Բայց հիմա դա էլ նորից տանել, կապել նախագահի հետ, ես համարում եմ սխալ, և կարծում եմ, որ մարդիկ պետք է կոռեկտ գտնվեն իրենց արտահայտությունների մեջ, ու չփորձեն իրենք իրենց ցույց տալու համար դիմացինի ու հատկապես ղեկավարների նկատմամբ հերհյուրանքներ տարածել և ինչ-որ բաներ ասել:

-Կարծում եք, որ ճիշտ չի՞ լինի, որ ՀՀԿ-ն կամ նախագահը դիմի նրան պատասխանատվության կանչելու համար:

-Ճիշտն ասած, քանի որ ես տեսանյութը չեմ դիտել, ինձ հետաքրքրեց, որ նայեմ, և բնական է՝ մենք էլ մեր կարծիքը կունենանք։ Կա՛մ ամեն մեկս մեր կարծիքը, կա՛մ էլ ընդհանուր կուսակցությունն իր կարծիքը կարտահայտի: Դա արդեն կուսակցության ղեկավարության որոշելու խնդիրն է:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը