Կարծիք

04.02.2021 13:54


Սարգիսին գտել են զոհվելուց շաբաթներ անց, ձեռքում եղել է քարտեզ, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ ու հեռախոս

Սարգիսին գտել են զոհվելուց շաբաթներ անց, ձեռքում եղել է քարտեզ, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ ու հեռախոս

«Մերօրյա հերոսները». Սարգիս Ղազարյան

Պատերազմն անավարտ թողեց մի քանի տասնյակ ապագա բժիշկների երազանքներն ու նպատակները: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սարգիս Ղազարյանը ևս չհասցրեց Հիպոկրատի երդում տալ, խաղաղ օրերին բազմաթիվ մարդկանց կյանքներ փրկել...

Սարգսի Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Ընտանիքի միակ որդին էր: Սիրած աղջիկ ուներ, ում նպատակները ևս անկատար մնացին։

Ընկերները նրան հիշում են, որպես յուրահատուկ անհատականություն՝ բարի սրտով, հումորի բարձր զգացմամբ, ով միշտ պատրաստ է եղել օգնել, աջակցել բոլորին:

«Բժշկականում ամեն ինչ Սաքոյին է հիշեցնում... Երազում էր լավ բժիշկ դառնալ: Մեկ կիսամյակ սովորեցինք, հետո զորակոչվեց բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու, բայց, ավաղ, հայրենիքը նրան պարտք մնաց: Կյանքումս հանդիպած ամենահայրենասեր ու ամենաբարի մարդն էր, երբեք չէր չարախոսում»,-պատմում է համակուրսեցին ՝ Հայկ Խաչատրյանը:

Սարգիսը սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ, տեղափոխվել է Մատաղիս, պատերազմի ժամանակ համառ մարտեր է մղել, փրկել բազմաթիվ զինակիցների կյանքեր:

«Երբ հակառակորդի զորքը հարձակվել է իրենց դիրքի վրա, Սարգիսն ու իր զինակից ընկերները մնացել են դիրքում, մյուսներին ուղարկել թիկունքը պահելու, այդ ժամանակ էլ հրետանու հարվածից զոհվել են՝ փրկելով ավելի քան 50 զինվորի կյանք: Նրա մարտական ընկերները պատմում են, որ այնքան է կրակել՝ զենքի տաքությունից ձեռքերը վառվել են, բայց անկախ դրանից, երբ հարցրել են՝ ո՞նց ես, միշտ պատասխանել է՝ արջի պես: Ցավոք, մեր ընկերոջը կորցրինք անհավասար կռվում»,-ասում է Հայկը:

Սարգիսի հայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է՝ հոգեպես շատ ամուր, ուժեղ մարդ։ «Նրա դաստիարակության արդյունքն է, որ Սարգիսը չնահանջեց, չխուսափեց՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենիքը: Մեր ընկերների կորստով Աստված մեզ պատժեց, որովհետև մեր՝ թե՛ իմ, թե՛ մյուսների, թե՛ հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ շատ տեղերում սխալ է եղել։ Աստված մեզ պատժեց, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է վերաբերվենք շրջապատի մարդկանց, պետք է կարողանանք գնահատել բոլորին ոչ թե մահից հետո, այլև միշտ»,-շեշտում է համակուրսեցին։

Սարգիս Ղազարյանի մարմինը գտել են զոհվելուց շաբաթներ անց: Ձեռքում եղել է քարտեզ, ծոցագրպանում՝ զինվորական գրքույկ ու հեռախոս:

«Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ սխալմունք է եղել, որ նա ողջ ու առողջ կգտնվի... Պատերազմից հետո Կարմիր խաչի օգնությամբ գտել են մարմինը, փաստաթղթից ու հեռախոսից են հասկացել, որ ինքն է: Սաքոս անմահացավ. գիտակցված մինչև վերջ մնաց դիրքում, դարձավ մեր հերոսը...», - ցավով նշում է Հայկը՝ հավելելով, որ պատերազմում շատ ընկերներ է կորցրել, այս տարիքում այդքան կորստի ցավ ու ծանրություն է զգացել։

Սարգիսը հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին՝ Ճամբարակի գերեզմանատանը։

Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին...

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը