Քաղաքական

06.02.2021 19:41


Վազգեն Մանուկյանը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը (լուսանկար)

Վազգեն Մանուկյանը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը (լուսանկար)

Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը:

Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ:

Վերջիններս մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ:

Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով: «Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա:

Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի կրթական համակարգի տեսլականը, հնարավոր բոլոր հարթակներում ակտիվորեն քննարկումներ ծավալել վերոնշյալ հարցերի շուրջ և փորձել ազդեցություն ունենալ կրթական ոլորտում որոշումների կայացման վրա թե՛ այսօր և թե՛ ապագայում:

Այս խորագրի վերջին նյութերը