Մեղադրել Քոչարյանին ընտրությունների իբր անարդար լինելու մեջ՝ կնշանակի մեղադրել Սպարապետին
Բոլորին քաջ հայտնի է իմ անձնական վերաբերմունքը, խորին ակնածանքն ու հարգանքը սպարապետ Վազգեն Սարգսյանի նկատմամբ: Հենց այդ վերաբերմունքն է եղել պատճառ, որ ամեն անգամ լսելով նրա եղբայր Արամ Սարգսյանի վայրիվերո մտքերն ու հակասական տեսակետները, լռել եմ եւ չեմ մեկնաբանել: Սակայն ցավը կայանում է նրանում, որ Արամ Սարգսյանի նման անձինք այսօր՝ Նիկոլի թվին, հանդիսանում են հասարակական կարծիք ստեղծող բևեռ և նիկոլական կեղծ գաղափարախոսության պրոպագանդիստներ: Իսկ դա բազմաթիվ վտանգներով է հղի: Պատկերացրեք՝ նույն սուտ ինֆորմացիան հազար անգամ կրկնելով՝ ժողովրդի մեջ սերմանում են որպես միակ և բացարձակ ճշմարտություն: Արամ Սարգսյանի քարոզչական թեզը հերթական անգամ ուղղվել է դեպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և արդեն Հանրային առաջին ալիքի եթերում, Պետրոս Ղազարյանի մոտ նստած, Արամն ի լուր աշխարհի հայտարարում է, թե բա՝ <<Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ընտրություններն ամեն անգամ իր մոտեցումներով արդար են եղել, իսկ ժողովրդի մոտեցումներով՝ անարդար>>:
Արամ Սարգսյանը մոռացել է, որ առաջին անգամ՝ 1998 թվականի մարտի 16-ին, երբ Ռ.Քոչարյանը ընտրվում էր նախագահ, ընտրությունները կազմակերպում էր իր եղբայր Վազգեն Սարգսյանը, կազմակերպում էր բարձր մակարդակով և Հայաստանի ապագայի մասին հոգածությամբ: Մեղադրել Քոչարյանին ընտրությունների իբր անարդար լինելու մեջ՝ կնշանակի մեղադրել Սպարապետին:
Վազգենը բազմաթիվ անգամ, տարբեր առիթներով շեշտում էր, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես վարչապետ և որպես նախագահ, փոխարինող չունի, որ միակն է՝ որպես կազմակերպիչ և ճգնաժամային մենեջեր: Հատուկ Արամի համար մեջբերում եմ Վազգենի խոսքերը. <<Ռ.Քոչարյանը խորհրդանիշ է, Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը, վերջին 5-6-7 տարիների ընթացքում, երբ խոսվում է Արցախի մասին, ազգային-ազատագրական պայքարի մասին, որպես խորհրդանիշ` ամբողջ աշխարհի համար, ընկալվել է Ռոբերտ Քոչարյանը: Եթե Քոչարյանի հրաժարականը լինի նրան արանքից էսպես կոպիտ ասած, հանելը, դա նույնն է, որ պայթեցնել Լաչինի ճանապարհը: Առանց Ռ.Քոչարյանի մենք կունենանք բացարձակապես մեզ չվստահող Արցախ, իսկ առանց Արցախի ժողովրդի լուծել Արցախի հարցը հնարավոր չէ>>:
Հավել եմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրական գործընթացներում մասնակցություն չի ունեցել. նա վեր է միշտ եղել ընտրական գործընթացներից՝ համարվելով բացառապես պետական գործիչ՝ մարդ֊պետություն։
Ինչևէ, չեմ զարմանում, որ Արամը մինչ օրս չի ճանաչել իր հարազատ եղբորը, նրա համոզմունքներն ու աշխարհայացքը, դե իսկ Քոչարյանի պետականակերտ կերպարը չճանաչելու մասին ավելորդ եմ համարում անգամ խոսել: Ուստի Արամը մնացել է Նիկոլի մակարդակին, դարձել է պետական դավաճանին սատարող, իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի ազատագրած հողերը հանձնողի դաշնակից, Վազգենի ստեղծած հայոց բանակը կազմաքանդողի գաղափակից, ինչի համար խոր ափսոսանք եմ ապրում: Բայց մեկ բարեկամական խորհուրդ այնուամենայնիվ, կտամ նրան. բավական է քեզ խայտառակես ու անհարմար վիճակի մեջ դնես այն մարդկանց, ովքեր յուրահատուկ վերաբերմունք ունեն Վազգենի հանդեպ:
Մեղադրել Քոչարյանին ընտրությունների իբր անարդար լինելու մեջ՝ կնշանակի մեղադրել Սպարապետին