Կարծիք

16.02.2021 10:55


«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան

«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիան

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես՝ 2018-ի մայիսի 8-ին, մեկնարկեց Արցախի կորստի և Հայաստանը` միջազգային հարաբերությունների սուբյեկտից միջազգային հարաբերությունների օբյեկտ վերածելու գործընթացի սկիզբը:

Արցախի տարածքների դեօկուպացիան պետք է սկսվի Հայաստանի կառավարության շենքի դեօկուպացիայից: Հադրութի և Շուշիի մասին մտածելուց առաջ պետք է «պաշարել Ալիևի բաստիոնը» Երևանի կենտրոնում և ազատագրել այն: Բայց ինչո՞ւ դա դեռ տեղի չի ունեցել:

Երկար տարիներ Հայաստանի քաղաքական համակարգը գործում էր իշխանությունների ցածր լեգիտիմության պայմաններում: Իշխանությունների ցածր լեգիտիմությունը շատ ձեռնտու էր ընդդիմությանը: Դա, մի կողմից, նրանց ազատում էր պատասխանատվությունից և թույլ էր տալիս ասել այն, ինչ մտքով անցնի (հիշեք պատգամավոր Փաշինյանի ցանկացած ելույթը խորհրդարանում, և կտեսնեք պոպուլիզմի և դեմագոգիայի «հրավառություն»), մյուս կողմից՝ ընդդիմությանը դա հնարավորություն էր տալիս «չզբաղվել իրական քաղաքականությամբ», չկառուցել իրապես գործող կուսակցություններ, չմասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, որն ամենակարևորն է, երկրի զարգացման համար իսկապես այլընտրանքային ծրագիր չմշակել:

Նախկին իշխանության օրոք` բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, բավական էր հայտարարել, որ իշխանությունները «մոնղոլ-թաթարներ» են, որ «Սաշիկը թալանեց բոլորին և ներդրողներից վերցրին շահույթի 50 տոկոսը», և դա բավական էր քաղաքական գործընթաց գեներացնելու համար: 2018-ին իշխանափոխությունը արմատապես փոխեց «խաղի կանոնները» քաղաքական դաշտում: Բայց ընդդիմությունը դա մինչ օրս չի հասկացել:

Երբ իշխանությունն ամբոխի մոտ բարձր լեգիտիմություն ունի, բայց պարզունակ հարցեր լուծելու ունկություն չունի (օրինակ՝ ձյունը մաքրել, էլ ուր մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մտածել), ապա ընդդիմությունը (կամ ցանկացած սուբյեկտ, որը մտադիր է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ) պետք է ձեւավորի կոմպետենտության պահանջ, որը պետք է ձևավորվի քաղաքական պայքարի ամենակարևոր գործիքի՝ կուսակցության օգնությամբ:

2018-ի մայիսի 9-ին այս կուսակցության ստեղծման գործընթացն արդեն պետք է սկսվեր: Քաղաքական կուսակցություն, որն ունի տարածքային ներկայացուցչություններ ամբողջ երկրում, կուսակցություն, որը մասնակցում է բոլոր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցություն, որն աշխատում է բնակչության հետ` ներկայացնելով երկրի զարգացման իր այլընտրանքային ծրագիրը, ծրագիր, որը կիրականացվի կոմպետենտ մարդկանց կողմից:

2018-ին իշխանափոխությունն ապացուցեց, որ ինչպես իշխանության ներսում, այնպես էլ ընդդիմության մեջ հրեշտակներ կամ սատանաներ չկան, բայց կան կոմպետեն ու ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ: Եթե ​​ելնենք այն թեզից, որ հիմնական մտավոր ու կոմպետենտ ռեսուրսն այսօր կենտրոնացված է ընդդիմության մեջ, ապա այս փաստն ուղղակի ֆիքսելը բավարար չէ, դա պետք է տեսանելի լինի նաև հասարակության լայն շերտերին:

Թա՞նկ է իրականում գործող կուսակցություն ունենալը: Թանկ է: Թա՞նկ է պատրաստել ընտրական հանձնաժողովների պրոֆեսիոնալ անդամներին: Թանկ է: Դժվա՞ր է ղեկավարել ամբողջ Հայաստանում ներկայացվածություն ունեցող կուսակցական մեծ մեխանիզմը: Դժվար է: Իսկ ո՞վ ասաց, որ իրական քաղաքականությամբ զբաղվելը էժան է ու դյուրին: Քաղաքականությամբ զբաղվելու համար հարկավոր է խելք և առաքելության գիտակցում:

2018-ի գարնանից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտում չի հայտնվել կոմպետենտության հանրային պահանջ ձևավորելու պատրաստ կուսակցություն (այդ պահանջը չի ձևավորում անգամ տասնյակից ավելի կուսակցություն միավորող «Հայաստանի փրկության շարժումը»): Եվ երբ կորոնավիրուսը և պատերազմը եկան Հայաստան, թվում էր, որ դա ընդդիմությանը կդրդի աշխատել հասարակության հետ: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում: «Հայրենիքի փրկության շարժումը» դեռևս նեղ շարժում է, նեղ Երևանյան շարժում, որը չի ներառել իր կազմի մեջ ամբողջ երկիրը և բնակչության բոլոր շերտերին:

Հասարակության մի զգալի հատված համաձայն է այն մտքի հետ, որ «Փաշինյանը դավաճան է», բայց հասարակությունը պետք է պատասխան ստանա այն հարցին, թե ի՞նչ կլինի Փաշինյանի հեռանալուց հետո: Ժողովրդին չպետք է անվանել «անգրագետ Պողոս»․ մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այս ժողովուրդը ցանկանում է լավ ապրել: Իսկ ժողովրդին տրվե՞ց լավ ապագայի տեսլականը: Ո՛չ, դա չի արվել:

Ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հասարակության լայն խավերի հետ աշխատելու անհրաժեշտությամբ` ներկայացնելով նրան այլընտրանքային զարգացման ծրագիր և կոմպետենտ մենեջերների այլընտրանքային թիմ, որոնք պետք է կառավարություն մտնեն ոչ թե իրենց քաղաքական կամ կուսակցական պատկանելության շնորհիվ, այլ ելնելով նրանց կարողություններից:

Քանի որ նախորդ 2.5 տարում քաղաքական դաշտում գործնականում ոչինչ չի արվել, այժմ նույնիսկ պատերազմը չի կարողացել մոբիլիզացնել անհրաժեշտ թվով մարդկանց, որպեսզի այս կառավարությունը ոչ թե հեռանա, այլ իր արածից հետո փախչի: Փաշինյանը կհեռանա, փաստացի նա արդեն հեռացել է, բայց Դուք ինքներդ եք նրան պահում Ձեր անգործությամբ:

Այսօր Հայաստանում միտում կա ձևավորել նոր քվազի կուսակցություններ, որոնք սպասարկում են կոնկրետ անձանց շահերը: Մի կողմից, դրան կարելի է թերահավատորեն վերաբերվել, մյուս կողմից, երբ մարդու օրգազնիզմը հիվանդ է, նրա իմունային համակարգը մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները և պայքարում վարակի դեմ: Նույնը հիմա կատարվում է Հայաստանում: Մարդիկ ներքուստ զգում են, որ երկրում շատ լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հանգեցնել պետության փլուզմանը, և նրանք փորձում են ինչ-որ բան անել: Բայց պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման իրավիճակներում քաղաքական էլիտայի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Կոմպետենտության կառավարություն ստեղծելու հանրային պահանջի ձևավորումը պիտի իրականացնեն քաղաքական իրական էլիտայի ներկայացուցիչները:

Իհարկե, հիմնական շեշտը կարելի է դնել արտահերթ կամ հերթական ընտրությունների վրա: Բայց դրանց մասնակցելու և դրանցում կրելու համար անհրաժեշտ է նաև առողջ, ակտիվ գործող քաղաքական ինստիտուտ՝ իր բոլոր ատրիբուտներով:

Նախկին իշխանությունները կարծում էին, որ «բոլորի հետ հարցերը լուծված են», և հենց այդ պահին «դեպքի վայր եկավ» իրենց նախկին հաճախորդ Փաշինյանը, և համակարգը փլուզվեց: Դա միշտ էլ պատահում է, երբ իշխանությունը ոչնչացնում է քաղաքացիների կամքի արտահայտման ինստիտուցիոնալ հիմքերը և այդ կամքը արտահայտելու միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու կարողությունը:

Այլ կերպ ասած, մենք վերադարձել ենք 2018-ին իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանին, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցածր լեգիտիմություն ունեին, և «մեկ կայծը» կարողացավ ոչնչացնել ամեն ինչ: Բայց եթե 2018-ի «կայծը» սպանեց Արցախի պետականությունը, ապա նոր «անկառավարելի կայծը» կարող է ոչնչացնել արդեն Հայաստանի պետականությունը, ինչը թույլ տալ չի կարելի:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը