Կարծիք

16.02.2021 19:58


Հարգելի Ռոբերտ, վերադարձեք և օգնեք այս անճար ու անպաշտպան ժողովրդին. բաց նամակ՝ Ռոբերտ Քոչարյանին

Հարգելի Ռոբերտ, վերադարձեք և օգնեք այս անճար ու անպաշտպան ժողովրդին. բաց նամակ՝ Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի ներկա վիճակը եղավ պատճառը այս նամակի։ Պարոն Քոչարյան, երբեւիցե չէի պատկերացնի, որ կարող եմ Ձեզ գրել նման տողեր։ Չեմ ուզում անդրադառնալ երկրիս ներկա վիճակին, Դուք դա լավ գիտեք։ Ասեմ, որ Ձեր ղեկավարման տարիներին մասնակցել եմ բողոքի բոլոր ցույցերին, ակտիվ բողոքողներից եմ եղել, կողմ եմ եղել Ձեր հեռացմանը։ Նույնիսկ մի քանի սուր քննադատական հոդվածներ եմ գրել, եւ իմ պատճառով թերթերից մեկի դեմ գործ է հարուցվել։
Ինչեւիցե, պատկերացրեք, թե ինչ շրջադարձ է կատարվել երկրում եւ իմ մեջ՝ թշվառ երկրում եւ դժբախտ հոգում։

Հարգելի Ռոբերտ, հաշվում եմ, որ Դուք իմ որդին եք․ կյանքը ե՛ւ Ձեզ, ե՛ւ մեզ շատ մեծ դաս տվեց։ Դուք, հավանաբար, համոզվեցիք, որ հարստությունը լիակատար բարեկեցություն եւ խաղաղություն չի բերում մարդուն։ Համոզվեցիք, որ մարդու անունը, թողած գործերը շատ ավելի կարեւոր են, քան դիզած հարստությունը։

Դուք վերադառնում եք քաղաքականություն՝ մեր երկիրը փրկելու համար։ Համոզված եմ, որ երբեք պարգեւավճար չեք ստանա, կկրճատեք 1,5 միլիոնանոց աշխատավարձերը, պետական միջոցները չեք օգտագործի ընտանիքիդ վոյաժների համար։ Դուք ամեն ինչ տեսել ու վայելել եք։ Այլեւս միայն այս թշվառ, աշխարհի ամենադժբախտ, տանջված ու տաղանդավոր ժողովրդին ծառայելն է լինելու վերադարձիդ նպատակը։

Որդիս, երդվիր՝ ոչ միայն սիմվոլների ու սուրբ գրքի վրա, այլեւ ժողովրդի առաջ, որ կդառնաս այս մի կտոր հողակտորի պաշտպանը, այս մի բուռ ժողովրդի առաքյալը։

Երդվիր, որ այլեւս չես գայթակղվի եւ ազնվորեն կծառայես ու կդառնաս ազգի հերոս, կդառնաս գովասանքի ու պաշտամունքի արժանի։ Սա վերջին շանսն է այս մեծ աշխարհաքաղաքական վերաձեւումների ժամանակներում։

Սա մեր լինել-չլինելու հարցն է։

Պետք է ամբողջ աշխարհից հրավիրել մեր գիտակ, խելացի հայրենակիցներին, հակառակ այսօրվա ստահակներին, դավաճաններին, որոնց ընտրեցինք «վատից ավելի վատին» սկզբունքով։ Մենք ունենք աշխարհում հայտնի տնտեսագետներ, գերազանց զինվորականներ, ամեն կարգի մասնագետներ։ Կշահի ե՛ւ պետությունը, ե՛ւ Դուք։

Ցավից ու վշտից մեռնում է իմ ազգը, քանի որ զոհվեց, կոտորեցին մի լավագույն սերունդ։ Սա ավելին էր, քան 15 թվի ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքն էր, բա հիմա՞ ով է։ Նույնիսկ զորահավաք չհայտարարեցին, բայց կոչ արեցին կամավորներին, քանի որ կամավոր է գնում ազգի ընտրանին՝ գրագետ, առողջ, նվիրյալ, հայրենասեր, հոգով հարուստ մարդիկ՝ ազգի սերուցքը։ Գնացին ու նահատակվեցին մեր ազգին որակով սերունդ պարգեւողները։

Նահատակվեցին դպրոցական նստարանից զորակոչված 2001, 2002 թվին ծնված մեր լուսավոր պատանիները, հազարները հաշմանդամ դարձան։ Սա ի՞նչ էր՝ ծրագրված դավաճանությո՞ւն, որ մնան միայն պողոսները, որոնք կուրորեն երկրպագում են Նեռին։

Հարգելի Ռոբերտ, վերադարձեք եւ օգնեք այս անճար ու անպաշտպան ժողովրդին՝ անձնվիրաբար, անձնազոհությամբ։ Այս անգամ՝ անձնազոհությամբ։ Դուք կմաքրեք անցյալը եւ կկերտեք փառահեղ ապագա։

Մենք սպասում ենք Ձեզ, բարի վերադարձ։

Սոնա ՍԱՀԱԿՅԱՆ
Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը