Քաղաքական

19.02.2021 12:58


Ե՞րբ և ինչպե՞ս մեր բնակարաններում հայտնվեց բոլորի կողմից մոռացված գազը (լուսանկար)

Ե՞րբ և ինչպե՞ս մեր բնակարաններում հայտնվեց բոլորի կողմից մոռացված գազը (լուսանկար)

Տնտեսության անկման և մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման ներկայիս վիճակում շատերը չեն պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս ամենից։ Գրեթե երեք տարի հետևողականորեն ոչնչացվում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակների ընթացքում։ Մենք ունեցել ենք նման կացություն, երբ երկիրը գտնվում էր աղետալի վիճակում, ամեն ինչ քանդված էր և փոշիացված։ Դա 90-ականների Հայաստանն էր։

Սոցիալ-տնտեսական վիճակն այն հեռավոր թվացող տարիներին անհամեմատ վատ էր, քան հիմա։ Սակայն բնակչության բարոյահոգեբանական վիճակը այլ էր՝ մենք հաղթանակած ազգ էինք, Արցախն ազատագրված էր։ Հիմա տրամագծորեն հակառակ տրամադրություններ ունենք և պետք է հաղթահարենք թե այդ մթնոլորտը, թե այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել ենք։ Բնական է, որ պարտության և աղետի տարած իշխանությունը դա չի կարող անել։ Մինչդեռ, 2000-ականների իշխանությունը զրոյական վիճակից ստեղծել է այն ամենը, ինչն այսօր ունենք և ինչը վաղուց մեզ համար առօրյա է դարձել։ Օրինակ՝ գազամատակարարումը։

90-ականների էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց ատոմակայանի վերագործարկմամբ, բայց խորհրդային տարիներին գոյություն ունեցող գազամատակարարումը արդեն չկար։ Գազ չուներ ո՛չ բնակչությունը, ո՛չ էլ տնտեսությունը, թեև գազով աշխատող արդյունաբերական ձեռնարկությունները չէին էլ գործում։ 1997-98 թ-ից սկսած, երբ Հայաստանի վարչապետ նշանակվեց, ապա նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանի հետ սկսվեցին Հայաստանի գազամատակարարման վերակագնման և ցանցի ստեղծման աշխատանքները։

Բազմիցս է ներկայացվել, թե ինչպես ստեղծվեց «Հայռուսգազարդը»։ Ռուսական կողմի կատարած ներդրումներով, որոնք գերազանցեցին 1 մլրդ դոլարը։ Հայկական կողմից որպես ներդրում համարվեց նախկին գազաբաշխիչ ցանցը, որն արդեն մաշվել էր և փաստացի գոյություն չուներ։

2000-ականները Հայաստանի ինտենսիվ գազիֆիկացման տարիներն էին։ Մինչև 2007 թ-ը ավարտվեց Երևանի գազաֆիկացումը։ Մայրաքաղաքում 250 հազար ընտանիք դարձավ գազ սպառող։ Ամբողջ Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը այդ նույն թվականին կազմեց 450 հազար։ Այսօր սովորական է դարձել կենցաղային գազից օգտվելը, բայց քչերն են հիշում, թե դա ե՞րբ և ո՞ւմ իշխանության ժամանակ տեղի ունեցավ, ի՞նչ խնայողություններ ստեղծեց մարդկանց համար՝ ավելի թանկ էլեկտրաէներգիային փոխարինելով էժան գազը։ Մարդիկ շատ արագ մոռացան 90-ականների էներգետիկ ճգնաժամի և առանց կենցաղային գազի տարիները, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի պայթեցումները։

Միաժամանակ, էներգետիկ անվտանգության ուղղված երկու կարևոր ծրագրեր իրականացվեցին։ Առաջինը Աբովյանի ստորգետնյա գազապահեսատարանի կառուցումն էր։ 27 մլն դոլար ներդրումներով կառուցված այս պահեստարանի շնորհիվ մենք չենք տեղյակ էլ չենք լինում, երբ Հայաստան մտնող գազամատարում վթար է լինում և գազամատակարարումը դադարեցվում է։ Այդ ժամանակ մեզ մատակարարվում է գազապահեստարանում կուտակված գազը։ Ահա այսպես են լուծվում երկրի համար ռազմավարական նշանակության խնդիրները։

Երկրորդ խոշորագույն նախագիծը Իրան-Հայաստան գազատարն էր։ Այն կյանքի կոչվեց Ռոբերտ Քոչարյանի լրջագույն ջանքերի շնորհիվ։ Աշխարհաքաղաքական կացությունն այնպիսին էր, որ գերտերություններն համաձայն չէին նման գազատարի կառուցմանը։ ԱՄՆ-ն դրանում տեսնում էր Իրանի տնտեսական մեկուսացումից և պատժամիջոցներից դուրս գալու ելք, իսկ Ռուսաստանը՝ մրցակից իր գազամատակարարման համակարգին։ Սակայն Հայաստանի իշխանությունը կարողացավ հաղթահարել այդ խնդիրները, և 2006-2007 թթ․ Իրան-Հայաստան գազատարը կառուցվեց։ Այն ունակ է տարեկան 3 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստանին և արտակարգ վիճակների դեպքում փոխարինել Ռուսաստանից մատակարարվող գազին։ Իրան-Հայաստան գազատարի նշանակությունն ու դերը անհնար է չտեսնել։

Պետք է շեշտենք, որ բացի էներգետիկ ոլորտից, 2000-ականներին զրոյական կացությունից ստեղծվել և զարգացել են մի շարք այլ ոլորտներ ևս։ Դրանք մեր կենցաղի անբաժանելի մասն են, ստեղծվել են քրտնաջան աշխատանքի և լուրջ ջանքերի շնորհիվ, փաստելով, որ հնարավոր է շրջադարձորեն փոխել ամեն ինչ և որ երկիրն այժմ ունի նման հմտություններ ունեցող ղեկավարի կարիք։ Այդ ոլորտներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը