Մեկնաբանություն

22.05.2011 17:26


Մեդվեդեվը կհեռանա՝ իր հետ տանելով նաև Սերժ Սարգսյանին

Մեդվեդեվը կհեռանա՝ իր հետ տանելով նաև Սերժ Սարգսյանին

2008–ի մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը շտապեց Մոսկվա և իր հավատարմության երդումները տվեց ՌԴ իշխանությանը։ Դա ինչ որ տեղ հասկանալի էր, քանի որ ՌԴ–ն Հայաստանի վրա ունի բավական մեծ տնտեսական ազդեցություն՝ չհաշված այն հանգամանքը, որ ՀՀ անվտանգության համակարգը ՀԱՊԿ–ի շրջանակներում է։

ՌԴ–Հայաստան հարաբերություններն այնպիսին են, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացներն ուղղակի ազդեցություն են ունենում մեզ վրա։ Այդ իսկ պատճառով էլ՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ձգտում են առնվազն բարեհաճ վերաբերմունքի արժանանալ ՌԴ ղեկավարության կողմից։ Քաղաքական ուժերից նման պահանջ կա նաև մեր հասարակության մի ստվար հատվածի մոտ։

Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լավ գիտի այդ մասին և դա էր պատճառը, որ 2008–ի նախագահական ընտրությունների քարոզչության փուլում իրեն սատարող լրատվամիջոցներով տարածում էր, թե իբր հանդիպել է այն ժամանակ ՌԴ նախագահացուի կարգավիճակ ունեցող Դմիտրի Մեդվեդեվի հետ։ Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք հանդիպե՞լ էր Տեր–Պետրոսյանը Մեդվեդեվին, թե՞ ոչ։ ՀՀ առաջին նախագահն իր քարոզչական «տրյուկով» տվյալ դեպքում ուզում էր բեմադրել «Ռուսաստանից «դաբրո» ունեմ» օպերացիան։

Տեր–Պետրոսյանի կողմից կազմակերպված այդ թատրոնի նպատակը նախագահականի փուլում սեփական թիմակիցների մի նեղ  շրջանակին և միամիտ ընտրողներին Մոսկվայի աջակցությունն ունենալու «կուտ» տալն էր, ինչպես նաև պետական ապարատի որոշակի մասի վրա հոգեբանական ազդեցություն գործելը։ «Տրյուկն» այդ ինչ որ չափով աշխատեց, բայց դա PR–փուչիկ էր և Մեդվեդեվին «տեսած» Տեր–Պետրոսյանն ինչպես այն օրերին, այնպես էլ այժմ չափչփում է Երևանի փողոցներն ու արդեն սատարում Մեդվեդեվին բազմիցս իրականում տեսած Սերժ Սարգսյանին՝ «երկխոսելով» վերջինիս հետ։

Եթե Ռուսաստանի ղեկավարներից որևէ մեկին Տեր–Պետրոսյանը տեսել ու նույնիսկ ձեռքով բարև է տվել, ապա դա Բորիս Ելցինն է, ով վաղուց արդեն մահացել է։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա իր պաշտոնավարման անփառունակ երեք տարիների ընթացքում բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեվին։ Այդ ընթացքում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահպանում էր դրական հարաբերությունները ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ այն դեպքում, երբ Սարգսյանին, լինում էին պահեր, չէր հաջողվում ամիսներով ընդունելության արժանանալ ՌԴ գործող վարչապետից։

Եթե Մեդվեդեվի հետ Ս. Սարգսյանին հաջողվեց հարաբերությունները հասցնել անգամ ընկերական մակարդակի, ապա Պուտնինի հետ նորմալ հարաբերություններ հաստատել Սարգսյանի մոտ չստացվեց. տեսակներն ու մոտեցումներն էին տարբեր։ Իսկ ահա Սարգսյանն ու Մեդվեդեվն ավելի մոտ են իրար իրենց մտածողությամբ և քաղաքական քայլերով։ Երկուսն էլ նախագահ դառնալու հարցում պարտական են իրենց նախորդներին։ Երկուսն էլ կտրված են իրենց հասարակություններից ու փորձում են հանրային դրական ընկալման պակասը լրացնել ու իրենց իշխանության ամրապնդումը փնտրել երկրից դուրս՝ վերածվելով կոմպլեքսավորված ու պետության շահերի հաշվին աթոռը պահել ձգտող անհատների։

Բերեմ միայն մեկ օրինակ ՌԴ և ՀՀ այսօրվա նախագահների արտաքին քաղաքական գործունեությունից, որից պարզ կդառնա, որ երկուսն էլ «նախաձեռնողական» կերպարներ են և դրանով իսկ միմյանց հոգեհարազատ։ Այսպես. Սերժ Սարգսյանը, չունենալով հանրային լեգիտիմության նվազագույն պաշար,  նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտություն, որի շրջանակներում կողմ արտահայտվեց Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի օժանդակությանը։ Համանման ձևով իրեն պահեց նաև Մեդվեդեվն իրենց «Ղարաբաղի»՝ Մերձդնեստրի հարցում՝ կողմ արտահայտվելով Մերձդնեստր–Մոլդովա հարաբերությունների կարգավորման հարցում Ռումինիայի ակտիվ դերակատարմանը՝ ինչը «Ֆուտբոլային» դիվանագիտության պես մի բան էր և ակնհայտորեն հակասում էր ՌԴ շահերին։

Ի դեպ, հայ–թուրքական «մեղրամիսի» փուլում Մեդվեդեվը կողմ էր արտահայտվում հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների շաղկապմանը, իսկ ահա Պուտինը կտրուկ դեմ էր, որպեսզի հայ–թուրքական խնդիրների կարգավորումը պայմանավորված լինի Ղարաբաղի հարցի լուծմամբ, ինչի մասին նա հայտարարեց հենց Թուրքիայում։

Այսպիսով՝ ՀՀ երկու նախորդ և մեկ այժմյան նախագահների հարաբերությունները ՌԴ երկու հիմնական քաղաքական ֆիգուրներ Պուտինի ու Մեդվեդեվի հետ հետևյալ տեսքն ունեն. առկա է Սարգսյան–Մեդվեդեվ և Քոչարյան–Պուտին տանդեմը, իսկ Տեր–Պետրսյանը բավարարվում է Մեդվեդեվին «տեսնելով» և իր «տեսած» Մեդվեդեվի հայաստանյան գործընկերոջ իշխանության կայունության երաշխիքի դերը կատարելով։

Ակնհայտ է, որ ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա իր որոշակի ազդեցությունն է ունենալու ՌԴ ներքաղաքական իրավիճակը։ Պուտին–Մեդվեդեվ լարված հարաբերությունների հանգուցալուծումն ու ՌԴ ապագա նախագահի ով լինելն իր արձագանքն է գտնելու նաև Հայաստանում։

Օրերս Մեդվեդեվը ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջադրվելու՞ է սպասվող նախագահական ընտրություններում։ Դրանով իսկ ՌԴ ներկա նախագահը փաստացի հայտարարեց, որ չի մասնակցելու ապագա նախագահական ընտրություններին, իսկ եթե մասնակցի, ապա Պուտինի դեմ դուրս չի գա, քանի որ իրենք մի թիմի են ներկայացնում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրանից առաջ «Եդինայա Ռոսիան» պաշտոնապես հայտարարել էր, որ Պուտինին է առաջադրելու որպես ՌԴ նախագահի թեկնածու, ապա ակնհայտ է, որ Մեդվեդեվը համակերպվել է հեռանալու մտքի հետ՝ բավարարվելով իր նախագահության մեկ ժամկետով։

Ինչ մնում է Մեդվեդեվի հայաստանյան բախտակից Սարգսյանին, ապա նա էլ ստիպված կլինի բավարարվել իր նախագահության մեկ ժամկետով, քանի որ Պուտինի պարագայում այլ աշխարհաքաղաքական վեկտոր է աշխատելու մեր տարածաշրջանում ու վերջ կդրվի տարատեսակ «նախաձեռնողականություններին», ինչը զգալիորեն վտանգել էր ՀՀ և ՌԴ պետական շահերը։

Մեդվեդեվին ու Սարգսյանին վստահված ժամանակահատվածում երկուսն էլ չարդարացրեցին իրենց և ձախողվեցին, և հետևաբար պետք է հեռանան ու դա իրենք էլ շատ լավ հասկանում են, բայց ի տարբերություն Մեդվեդեվի՝ Սարգսյանը դիմադրում է, սակայն նկատենք՝ ապարդյուն։

Ի դեպ, Ս. Սարգսյանի դիմադրության միակ ռեսուրսը Տեր–Պետրոսյանի գլխավորած «ընդդիմությունն» է, որի շարքերը «Սերժի՛կ, հեռացի՛ր» են գոռում, բայց իրականում սատարում են ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, բայց դա էլ չի կարող փրկել Սարգսյանին, քանի որ նա տապալվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում և Տեր–Պետրոսյանին ապավինելով՝ ընդամենը նրան  էլ է իր հետ տանելու քաղաքական գերեզման, այս անգամ արդեն՝ անվերադարձ։

Այս ամենը շատ լավ հասկանում են նաև արևմտյան տերությունները և դրա համար էլ ամեն ինչ անում են Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր–Պետրոսյանին «երկխոսացնելու» համար։ Այսինքն՝ ի դեմս Տեր–Պետրոսյան–Սարգսյան տանդեմի Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ փորձում են Հայաստանի ապագա քաղաքական քարտեզը դարձնել բացառապես «նախաձեռնողական» թիմերից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությամբ ու Տեր–Պետրոսյանի հաստիքային ընդդիմությամբ, որպեսզի կարողանան արագորեն կյանքի կոչել Ղարաբաղի մասով մեր միակողմանի զիջումների և Հայոց ցեղասպանության մոռացության գնով Թուրքիայի հետ ՀՀ սահմանները բացելու հարցերը։ Դա թույլ կտա արևմտյան որոշ շրջանակների գլուխ բերել իրենց շահերին համապատասխանող էներգետիկ ու կոմունիկացիոն ծրագրերը և նրանք թքած ունեն ՀՀ անվտանգության վրա։ Պատահական չէ, որ Տեր–Պետրոսյանը BBC–ին տված հարցազրույցում վերահաստատեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչը յուրօրինակ մեսիջ էր դրսի ուժերին, որ էլ ավելի ինտենսիվորեն աջակցեն ՀԱԿ առաջնորդի և Սարգսյանի «երկխոսությանը», որպեսզի այդ ծրագրերը հնարավոր լինի իրագործել։

Արևմուտքի «քավորությանն» այս «երկխոսության» հարցում կողմ է նաև Սերժ Սարգսյանը, ով հանուն իր աթոռի պահպանման, փաստորեն, գնում է մի գործարքի, որը եթե իրականացվի, ապա համարժեք կլինի Պետրոս Գետադարձ տխրահռչակ կաթողիկոսի արածին։ Ահա և սերժա–լևոնական «երկխոսության» աշխարհաքաղաքական բաղադրիչը, որի մասին կողմերը, բնականաբար, չեն բարձրաձայնում, այլ «շախմատ» են խաղում։

ՀՀ և ՌԴ ազգային բոլոր ուժերը, բնականաբար, դեմ են արևմտյան այդ ծրագրերի իրականացմանը, ինչը Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան սուբյեկտներին դարձնում է բնական դաշնակիցներ։ Ասել է թե՝ ԱԺ և նախագահական առաջիկա ընտրություններում մրցակցությունը քաղաքական ուժերի մեջ լինելու է   նաև աշխարհաքաղաքական բնույթի։ Խաղասեղանին դրված է ՀՀ անվտանգության խնդիրը։

Մենք համոզված ենք, որ Սարգսյան–Մեդվեդեվ տանդեմի մատուցմամբ «նախաձեռնողականության» ժամանակաշրջանն անցավ պատմության գիրկը և նշյալ մարդիկ իրենց դիրքը պահպանում են զուտ իներցիայով ու նաև այն պատճառով, որ պահը դեռ չի եկել նրանց տուն ուղարկելու։ Մեդվեդեվը կհեռանա նախագահական պոստից՝ իր հետ տանելով նաև Սերժ Սարգսյանին ու վերջինիս հետ «երկխոսող» Լևոն Տեր–Պետրոսյանին։

Մնում է հուսալ, որ գոնե քաղաքական դաշտից մաքրվելուց հետո ՀԱԿ առաջնորդը վերջապես կկարողանա  իրականում, այլ ոչ թե հեռուստացույցով տեսնել թեկուզև պաշտոնաթող Մեդվեդեվին։ Սարգսյանի հետ այժմ կարելի է նաև այդ հարցով «երկխոսել», հաստատ կօգնի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը