Քաղաքական

20.02.2021 21:19


Սա հերթական ապացույցն է նրա, որ այս խեղկատակներին շատ քիչ ժամանակ է մնացել. Կարեն Բեքարյանի դուստրը՝ հոր ձերբակալման վերաբերյալ

Սա հերթական ապացույցն է նրա, որ այս խեղկատակներին շատ քիչ ժամանակ է մնացել. Կարեն Բեքարյանի դուստրը՝ հոր ձերբակալման վերաբերյալ

Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանի դուստրը՝ Անի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Իմ պապան իր ողջ կյանքի ընթացքում էս երկրի ու էս պետության համար շատ ավելին է արել, քան ոմն Նիկոլ՝ իր սեփական ընտանիքի համար...

Սա հերթական ապացույցն է նրա, որ այս խեղկատակներին շատ քիչ ժամանակ է մնացել ու անճարությունից, անկարողությունից դրդված՝ արդեն նման քայլերի են դիմում: Պատասխանը շատ չի ուշանա:

Այսօր Օպերայում հավաքված էին պապայիս տարբեր տարիների ուսանողներն ու աշխատողները, իր ընկերներն ու ընկերների ընկերները, ուղղակի համակիրներն ու իր նման հայրենասերները...

Ես հասկացա, որ մենք ուժ ենք, որ ամեն ինչ դեռ կորած չի, որ մեր կողքին ու մեր հետևում շատ ու շատ մարդիկ կան կանգնած, պապայիս նման ազնիվ ու արդար մարդիկ, ու հենց դա է ամենամեծ հարստությունը...

2018 թվականի գարնանը դուրս եկա ֆեյսբուքից ու որոշեցի, որ էլ երբեք ու ոչ մի գրառում չեմ կատարելու. կյանքիս առաջին մեծ հիասթափությունն ապրեց 2.5 տարի առաջ, երբ իմ հայրենակիցները, նույնիսկ իմ ընկերներից ու բարեկամներից ոմանք մեծ ոգևորությամբ իշխանության բերեցին այս ստահակին՝ առանց մտածելու անգամ հետևանքների մասին:

Մինչդեռ հայրիկիս այն ժամանակ «ազգի դավաճան» հանեցին, քանի որ այն 42 պատգամավորների շարքում էր, ովքեր այդպես էլ հրաժարվեցին այս ոչնչության օգտին քվեարկել որպես վարչապետ: Չնայած հանրային բոլոր ճնշումներին, չնայած գլուխ բարձրացրած ապստամբությանն ու «թավշյա» հեղափոխությանը, պապաս այն շատ քիչ մարդկանցից մեկը դարձավ, որ այդպես էլ տուրք չտվեց ո՛չ խելագարված ամբոխին, ո՛չ էլ հնչող սպառնալիքներին:

Այդ ընթացքում ահավոր շատ էինք վիճում: Հարցնում էի պապային, թե ինչի պետք է իր նման ազնիվ մարդը այդքան անեծքի ու հայհոյանքի արժանանա, ինչի պետք է աջուձախ մատով ցույց տան, ասեն՝ Նիկոլի օգտին չքվեարկեց, դավաճան է:

Ինքն էլ անընդհատ կրկնում էր՝ ոչինչ, մի մտածեք, էդ բոլոր ստից խոսակցությունները մի օր կանցնեն, բայց այն անդառնալի հետևանքները, որ էս ամեն ինչի արդյունքում կառաջանան, արդեն շատ դժվար կլինի հաղթահարել…

Նորից վիճում էի հետը, ասում էի՝ միևնույն է, սա վերջը անցնելու է, քո մի ձայնն էդտեղ բան չի փոխելու, ինչի ես իզուր տեղը վատամարդ դուրս գալիս, ինչի ես իզուր տեղը անունդ գցում…ասում էր՝ հիմա չես հասկանա, բայց ժամանակը ցույց կտա՝ ով ով է.....ու այդպես էլ եղավ:

Ընդամենը 2.5 տարի հետո ժամանակը մեզ շատ ավելի վատը ցույց տվեց, քան նույնիսկ ապրիլին կարող էինք ենթադրել... Բացարձակ ոչ կոմպետենտ, անհեռատես ու կարճամիտ ղեկավարության պատճառով (եթե անգամ չհավատանք դավադրությունների տեսություններին) այսօր մի ամբողջ երկիր ու պետություն է քանդվում, հազարավոր մարդիկ մահանում ու հաշմանդամ դառնում, հարյուր հազարներ՝ անտուն ու անօթևան մնում, և օր օրի էլ ավելի աղետալի շրջադարձ ձեռք բերում…

Սակայն ամենացավալին այն է, որ տեղի ունեցող մղձավանջի հետ մեկտեղ դեռ գոյություն ունի տհաս-նեղմիտների մի ստվար զանգված, որ շարունակում է պաշտպանել և արդարացնել ներկա իշխանության անօրինությունները, շարունակում է քարկոծել այն մարդկանց, ովքեր ցույցերի են մասնակցում և վերջին հնարավորությունից անգամ կախվում փրկելու համար իրավիճակը:

Սխալվելը, հիմարացվելն ու մոլորվելը մեղք չէ: Բոլորս էլ մի օր սխալվում ենք և հիասթափվում, սակայն այն մարտնչող տգիտությունը, որ ես այսօր տեսնում եմ շատերի երեսին, այն կատարյալ կուրությունը, որ պատել է հանրության մի մեծ զանգվածի, ինձ անկեղծորեն վախեցնում է:

Ես սարսափ եմ ապրում այն մտքից, որ պարզ տրամաբանությունն ու ադեկվատությունը լքում են մեզ, ես ցավ եմ ապրում այս համատարած խավարամտությունից»:

Այս խորագրի վերջին նյութերը