Խալիլ Ջուբրանը, ով փիլիսոփա ու նկարիչ է, չգիտես ինչու վստահ էր, որ մարդը ինքնասպան է լինում ինքնապահպանման բնազդից։
Այսօր նայում էի, թե ինչպես էր Նիկոլը՝ «մարդասպան», «դահիճ», «թուրք» վանկարկումների տակ դանդաղ քայլում դեպի կառավարության շենք։ Զարհուրելի տեսարան էր։
Որովհետեւ, ի տարբերություն մշտապես կոգնիտիվ դիսոնանսի մեջ գտնվող իր թիմակիցների, ինքը շատ լավ հասկանում է, որ ոչ մի հիշողության մեքենա այլեւս երբեք չի ջնջելու Արցախը հանձնողի, Շուշին հանձնողի, հազարավոր տղաների ընդհատված կյանքի խարանը։
Իր ճակատի խարանը։
Ու կարեւոր չէ, թե օրվա ու այս պահի ԱԱԾ-ն քանի ֆեյք կբռնի ու օրվա ոստիկանը քանի քաղաքացու քիթ կջարդի։
Էդ ամենը մի ժամից մոռացվելու է։
Ֆեյքն էլ, ջարդված քիթն էլ, վերնաշապիկին ծորած արյունն էլ։ Դրանք ընթացիկ քաղաքական սալտոներ են, որոնց կյանքը մի լրատվական բլոկից մինչեւ մյուս news-ն է։
Մնալու է մեկ այլ արյուն՝ հազարավոր տղաների արյունը, որ երբեք չի մակարդվելու։
Մնալու է ճակատին դաջված սեպագիրը՝ Շուշին ու Արցախը հանձնողի։
Անկեղծ, ծանր, շատ ծանր ճակատագիր է։ Թշնամուս, եթե ունենայի, չէի ցանկանա։
Պարզապես, նոյեմբերի 10-ի քաղաքական հնչեղ ինքնասպանությունից հետո սկսեցի հասկանալ Խալիլ Ջուբրանի խոսքերը՝ որ մարդը ինքնասպան է լինում ինքնապահպանման բնազդից։
Ինքնասպան լինելու նուրբ արվեստը