2020թ. նոյեմբերի 10։ Հայ ժողովրդի, հայոց փառապանծ բանակի գլխին՝ ամպրոպի նման պայթեց կապիտուլյացիայի բոթը։ Այդ նույն օրը կապիտուլյանտ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայոց կառավարությունը և բանակը միասնական են, կապված մարտական կուռ եղբայրությամբ»։
Հարգարժան Զինված Ուժեր, դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր է ձեզ ներքաշել կապիտուլյանտը՝ իր այս գրառմամբ։ Վաղը լինելու է դատավարությունների մեծ շղթա, որտեղ շատ հարցեր են պարզվելու, և ի՞նչ է ստացվում, որ «հայոց կառավարության» տգիտությունն ու կասկածելի դավաճանությունը՝ ձեր մարտական «կուռ եղբայրությա՞մբ» է տեղի ունեցել։
Ես գիտեմ, շատ եմ լսել բարձրաստիճան զինվորականներից, որ ամաչում են իրենց անճարակության ու ստեղծված խայտառակ վիճակի համար։ Ես հասկանում եմ, որ կառավարությունը չի կատարել ռազմական դրության պայմաններում սահմանված իր հիմնական պարտավորությունները, որի արդյունքում ԶՈւ ստորաբաժանումները մեն-մենակ են մնացել համալրված թշնամու դեմ։
Չեք ունեցել կազմակերպված թիկունք, տարբեր վայրերում տեղ չեն հասցվել մատակարարումները, չեք ունեցել քաղաքական բարենպաստ որոշումներ և արտաքին քաղաքական աջակցություն, ձեզ օգնելու փոխարեն խառնաշփոթ են ստեղծել, ձեր արյունն ու քրտինքը՝ էժան ու ստահոդ փիառի են վերածել։ Իսկ կապիտուլյացիայից անմիջապես հետո, ձեր գերագույն գլխավորի առաջին գրառումը, առանց ամաչելու, ձեր և իր մարտական եղբայրության մասին է։
Դիմացեք պարոնայք սպաներ և գեներալներ, բայց նաև ձեզ համար արձանագրեք, որ պատերազմի ժամանակ որքան կարևոր է բանակի մարտունակությունը, նույնքան կարևոր է նաև քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը։ Բացի այս, առավել քան վստահ եմ, որ ապագայի բոլոր հետաքննություններում, պարտության ու կապիտուլյացիայի պատասխանատվության առյուծի բաժինը՝ ձեզ է դեմ տալու։ Կարծում եմ, որ սրանում դուք ևս չեք կասկածում։
Իսկանդերի մասին, նրա վերջին ստախոսությունն էլ խնդրում եմ չմոռանաք։ Դա ևս «կարելու է» ձեր վրա։
Ձեր փոխարեն, ես կպահանջեի, որպեսզի կապիտուլյանտ, դիլետանտ ու անհայրենիք կառավարության ղեկավարը հեռացնի իր էջից 2020թ. նոյեմբերի 10-ի իր անարգանք-գրառումը։
Մարտական եղբայրությո՞ւն, թե՞...