Քաղաքական

25.02.2021 09:34


«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը բացարձակ անգրագետ է․ Եվսեև

«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը բացարձակ անգրագետ է․ Եվսեև

«Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին աղմկահարույց դիտարկումներին:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է պատկերացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեխնիկական բնութագիրը, այն արտահայտությունը, որը հնչել է, բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով: Նրա խոսքով, հրթիռներն ունեն մարտագլխիկներ, հրթիռը չի պայթում, հրթիռն արձակվում է ստարտով, իսկ անհաջող ստարտի դեպքում իսկապես պայթում է, խոսք կարող է գնալ միայն այն մասին, որ մարտագլխիկը չպայթի: Իսկ պնդելու համար, նրա կարծիքով, որ հրթիռների մարտագլխիկները պայթել են 10 տոկոսով, հարկավոր էր գոնե դրանք արձակել:

«Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»՝ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներով՝ այդ փուլում որևէ արձակում չի եղել: Մարդը, ով խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անել՝ 10 տոկոս ստանալու համար:

Թող ամսաթվերը նշի՝ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, ով մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում և նման կերպով փորձում է Արևմուտքի աջակցությունը ստանալ»,-նման պնդում արեց Եվսեևը:

Նա նաև արձանագրեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը թուլացել է, և դա է նաև հանգեցրել պարտության երկրորդ պատերազմում: Ռազմագետի որակմամբ՝ աբսուրդայինն այն է, որ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ուժեղացման անհրաժեշտության մասին, ենթադրաբար՝ հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում Ղարաբաղի կողմից պետք է ռուսական բատալյոն տեղակայվի, իսկ ՀՀ վարչապետը դրան հակասող հայտարարություն է անում:

«Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետը չի վերահսկում իր սեփական կառավարությունը, այդ դեպքում ի՞նչ վարչապետ է նա: Չեն կարող վարչապետի խոսքերը հակասել Պաշտպանության նախարարի խոսքերին, նրանք միմյանց հակասում են, քանի որ, եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանն Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է դա արվում այդ դեպքում: Փաշինյանն ինքն իրեն է հակասում: Սա, ամենայն հավանականությամբ, սեփական կարգավիճակի հարցում անինքնավստահության հետևանք է, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, քանի որ երբեք նման հայտարարություններ չեն արվել: Եվ երկրորդ՝ նման հայտարարությունները պետք է հիմնվեն լուրջ բազայի վրա»,-ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ, եթե Փաշինյանը ցանկանում է հետաքննել, պետք է տրամադրի տվյալներ՝ արձակման ամսաթվերի, մարտագլխիկների ընկնելու վայրերի, պետք է տրամադրի փաստական բոլոր տվյալները:

Եվսեևի կարծիքով, եթե նա դա չտրամադրի, ստացվում է, որ նա գիտակցաբար վնասում է հայ-ռուսական հարաբերություններին մի փուլում, երբ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի սուր ճնշման տակ: Նա, ըստ վերլուծաբանի, սպառնալիքի տակ է դնում սեփական պետության անվտանգությունը:

«Կարծում եմ՝ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետևի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արևմտյան գործընկերներին՝ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,-ասաց Եվսեևը: Նա չբացառեց նաև, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը