Կարծիք

26.02.2021 10:40


Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցումն է Նիկոլ Փաշինյանին

Երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցումն է Նիկոլ Փաշինյանին
Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։ Թեև վարչապետի պաշտոնից հուսահատաբար կառչած Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, Երևանում ապրող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ հեղաշրջում, առավել ևս զինված, տեղի չի ունեցել, փողոցներում զինվորներ չկան, Կառավարության շենքը որ ոք չի գրոհել, և ընդհանրապես, երեկվա լարված մթնոլորտում, ոչ մի էական բռնություն չի արձանագրվել (փառք Աստծո)։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Եթե վերլուծենք Նիկոլ Փաշինյանի կողմից Կապիտուլիացիայի խայտառակ ակտի ստորագրմանը նախորդած, և դրան հաջորդող իրադարձությունները, ապա պարզ է դառնում, որ երկար տվայտանքներից հետո պարզապես բանակի ղեկավարության համբերության բաժակը երեկ վերջնականապես լցվել է։ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով բանակը նետվել է պատերազմի բոցերի մեջ՝ թշնամական հսկայական կոալիցիային միայնակ դեմ հանդիման, առանց դաշնակիցների, իր վրա է կրել կորուստների հիմնական բեռը (այս պատերազմում հարյուրավոր կադրային սպաներ են զոհվել և հաշմվել), նույն Փաշինյանի հրամանով ստիպված է եղել առանց կռիվ հանձնել սեփական արյան գնով պահած Քարավաճառը, Աղդամը և Քաշաթաղը, հետո էլ արդեն Փաշինյանի խայտառակ բանավոր պայմանավորվածության պատճառով ստիպված հանձնել է Սյունիքի առաջավոր պաշտպանական բնագծերը։ Եթե այդքանը բավական չէր, Փաշինյանի կողմնակիցները պարբերաբար գրոհներ էին կազմակերպում բանակի վրա, կոտրում էին զորամասերի դարպասները, ընդհուպ մինչև ներխուժեցին Պաշտպանության նախարարության տարածք, և հաշվեհարդարով էին սպառնում բանակի ղեկավարությանը։
Այս ամենը չէր կարող անվերջ շարունակվեր։ Բանակը մեր պետության ողնաշարն է, և այն պետք է զերծ պահվի ներքաղաքական գործընթացներից։ Պատերազմի ծանր բեռը տարած, մեծ կորուստներ կրած, վիթխարի ճիգերով իր մարտունակությունը այսօր վերականգնող բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի)։ Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։
Այս իմաստով, երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցումն է Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը։ Նրա հրաժարականն են արդեն պահանջել երկրի Նախագահը, Հայ առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ քաղաքական և հասարական կազմակերպություններ։ Նրա հրաժարականն է, որ ճանապարհ կբացի երկրում նոր քաղաքական զարգացումների համար, հնարավորություն կտա ընտրողներին, շատ ավելի սթափ և առանց «թավշե» վարդագույն ակնոցների, նոր ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև։
Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի աղետից կխուսափենք, և կկարողանանք քաղաքակիրթ և սահմանդրական լուծում գտնել այս աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար։ Բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունը, նրա զուսպ և արժանապատիվ կեցվածքը այդպիսի հնարավորություն են տալիս, և այդ հնարավորությունից բոլոր կողմերը պետք է առավելագույնս օգտվեն այսօր։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը