Քաղաքական

26.02.2021 14:38


Ոստիկանությունը ստրուկի պես ծառայում է Փաշինյանին, ոստիկաններին կոչ եմ անում միանալ ժողովրդին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ոստիկանությունը ստրուկի պես ծառայում է Փաշինյանին, ոստիկաններին կոչ եմ անում միանալ ժողովրդին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ես կոչ եմ անում ոստիկաններին միանալ ժողովրդին և երկու կոպեկի համար չծառայել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս ներկայացրել էր, թե զինվորականների աշխատավարձերը որքանով են բարձրացվել իր իշխանության օրոք։

«Ես դիմում եմ ոստիկաններին: Պարոնայք ոստիկաններ, սպաներ, ենթասպաներ և շարքայիններ, երևի Նիկոլի այսօրվա այդ գրության մեղավորը դուք եք: Նիկոլը տեսնում է, որ այն ոստիկաններին, ում պարգևավճար է տալիս, ստրուկի պես են ծառայում, ձեզ փող է տալիս դուք էլ ստրուկի պես ծառայում եք: Հիշեք, ձեր զոհված ընկերներին, ում իշխանությունը կարգին չհուղարկավորեց, երկու կոպեկի համար կկրակե՞ք ձեր ժողովրդի վրա»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ պայքարը կանգ չի առնելու, ողջ գիշեր քաղաքացիները մնացել են Բաղրամյան պողոտայում: «Երեկ հանրահավաքից հետո Բաղրամյան պողոտայում, մեր բազմաթիվ հայրենակիցներ ողջ գիշեր անցկացրին այստեղ, չի եղել որևէ սադրանք կամ բախում»,-ասաց նա:

Այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար արտահերթ նիստ, որը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, բայց նիստը տեղի չունեցավ քվորումի և Արարատ Միրզոյանի բացակայության պատճառով, ինչը Գեղամ Մանուկյանը որակեց որպես փախուստ խնդիրներից:

«ԱԺ-ում պետք է լիներ արտահերթ նիստ և պետք է քննարկվեր երկու խմբակցությունների ներկայացրած նախագիծը և պատկերացրեք որևէ ընկերությունում աշխատակիցները ասեն՝ պետք է նիստ հրավիրենք, իսկ տնօրենը փախչի աշխատանքից և տապալի կարևոր հարցերի քննարկումը, իսկ կարևոր հարցերը վերաբերում են մեր երկրի գրեթե պարալիզացված և անգործունակ վիճակին:

ԱԺ-ում նստած են մարդիկ, որոնք իրենց պատասխանատվությունից խուսափում են և պարգևավճար են ստանում»,-մեկնաբանեց նա:

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ երկիրը պարալիզացված և անգործունակ վիճակում է, իսկ ԱԺ նախագահը փախչում է արտահերթ նիստից:

«Երկիրը պարալիզացված է, ամեն ամիս վտանգվում է պետական աշխատողին աշխատավարձ տալը, տնօրենները բավարարվում են բարձր տոկոսներով պարտքեր վերցնելով, այդ պարտքերի մեջ թաղվելով, պետությանը ժողովրդին անորոշության մեջ է պահում, սովի է մատնել, իսկ վաղը տնազրկելու վտանգի առաջ է կանգնեցնելու, իսկ այսօր ԱԺ նախագահը փախչում է և չի քննարկում այս հարցերը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը