Քաղաքական

27.02.2021 11:36


Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»

Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»

«ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն և իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։

Պարոն Զատուլինն ի պատասխան ծիծաղեց, հարցը կոչեց հռետորական ու ավելացրեց․ «Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին և, հետևաբար, տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ կատարվում է։ ՌԴ պաշտոնական իշխանությունները չէին ցանկանա ներքաշվել, միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ որևէ մեկին առիթ չտալու համար մեղադրել Ռուսաստանին, որ մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, նաև՝ ներկա, արցախյան հարցում միջնորդի մեր դերը, Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ ինչ-ինչ գործընթացների վրա ներազդելու համար։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, իմ դիտարկմամբ ու համոզմամբ, Թուրքիան, ինչ էլ որ հրապարակավ ասի, շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանն ուժեղանա, ոտքի կանգնի, այդ պարտությունից հետո մեջքն ուղղի։ Դուք՝ ինքներդ անձամբ որոշեք, թե ինչու է այս ամենում ոչ շահագրգռված Թուրքիան պաշտպանում այն վարկածը, որը տարածում է Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իմ գնահատմամբ՝ միանգամայն մերկապարանոց»։

Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ և շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։

Այս խորագրի վերջին նյութերը