Հարցազրույց

24.05.2011 14:32


Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-2008թ. դուք հայտարարում էիք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, քիրվա է, թուրք է և այլն: Այսօր շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ:

-Ես շատ լավ հիշում եմ` ինչ եմ հայտարարել 2007թ., 2008թ., 2009թ. և 2010թ.: Բոլոր իմ ասածների առումով ես իմ կարծիքը չեմ փոխել: Կարող եք բացել–նայել, թե ես ինչ եմ հայտարարել:

-Այսինքն՝ շարունակում եք մնալ այն կարծիքին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թուրք է, քիրվա է:

-Ես չեմ ասել, թե ինքը թուրք է, քիրվա է: Կարող եք բացել–նայել՝ ես ինչ ասել եմ, պատասխանել եմ այն ապաքաղաքական, ապաքաղաքակրթական մեղադրանքներին, որոնք հնչել են մեր հասցեին: Ղարաբաղյան հարցի լուծման իմ անհամաձայնությունն եմ հայտնել` մեր և նրանց տարբերությունների մասին:

-2008թ. սկսած՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցներն էլ հայտարարում էին, թե հանրապետականները թաթար-մոնղոլներ են: Հիմա՝ այսքանից հետո, երբ իշխանությունների կողմից նրանց հասցեին այդպիսի պիտակավորումներ էին հնչեցվում, իրենք էլ ձեզ էին պիտակավորում, ինչպ՞ես եք երկխոսության գնում:

-Նախ ասեմ՝ երկխոսությունը նրա համար է, որպեսզի մի պահ գա, որ բոլոր քաղաքական ուժերը` ոչ միայն ՀԱԿ-ն ու Հանրապետականը կամ ՀԱԿ-ն ու կոալիցիան, այլ նորագույն պատմության 20 տարիների ընթացքում դժբախտաբար եղել են պահեր, երբ որ քաղաքական պայքարը քաղաքական հունից դուրս է եկել և գնացել է դեպի անձնական վիրավորանքներ: Հանրապետականը երբեք չի գնացել և չի նախաձեռնել անձնական վիրավորանքներով պայքար: Մենք միշտ կողմնակից ենք եղել քաղաքակիրթ պայքարին: Այսօր էլ առանց բացառության գնտում ենք, որ Հայաստանում առողջ մթնոլորտ ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը գնան առողջ քաղաքական, քաղաքակիրթ մրցապայքարով և իրենց լեքսիկոնից հանեն մարդկային վիրավորանք պարունակող, ոչ քաղաքական արտահայտությունները: Եվ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կգնան ա՛յդ ճանապարհով, ես դրական եմ գնահատում:

-Իշխանությունները շարունակո՞ւմ են պնդել, թե 2008թ. մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է:

-Իշխանություններն իրենց քաղաքական գնահատականները տվել են, Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն իր քաղաքական գնահատականը տվել է, և ոչ մի բան չի փոխվել: Իրավակա՛ն գնահատականը ես չեմ կարող արտահայտել:

-Բայց Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի եզրակացության մեջ կարծես չկար, որ քաղաքական պատասխանատվությունը Լևոն տեր-Պետրոսյանն է կրում:

-Այնտեղ կարող է՝ անուն չկար, բայց շատ հստակ գրված էր, որ եղել է դա, որովհետև թշնամանք է սերմանվել և այլն:

-Հապա էլ ինչպե՞ս եք երկխոսում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

-Մենք բոլորի հետ էլ պատրաստ ենք երկխոսել: Դատարանն է որոշում՝ ով է հանցագործ: Մենք պատրաստ ենք երկխոսելու բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր պատրաստ են կառուցողական դաշտում իրականացնել քայլեր ի շահ ՀՀ-ի:

-Մարտի 1-ի գործը դեռ չի ավարտվել, ՀՀ նախագահն էլ հանձնարարեց նոր թափ հաղորդել բացահայտմանը: Այսինքն՝ իրավական տեսանկյունից դեռ պատասխան չի տրվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատվություն չի կրում:

-Քանի դեռ մարտի 1-ի գործը չի ավարտվել, ուրեմն կա անմեղության կանխավարկած: Ես դատավոր չեմ, երբեք ինձ վրա դատավորի ֆունկցիա չեմ վերցրել, իսկ ինչ վերաբերում է իմ արտահայտած մտքերին` նույն այդ իրադարձությունների հետ կապված, ես իմ կարծիքը չեմ փոխել:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը