Քաղաքական

01.03.2021 12:57


ՀՔԾ-ն պարտավոր է առանձին քննել պետական դավաճանության վերաբերյալ փաստաբանների հաղորդումը

ՀՔԾ-ն պարտավոր է առանձին քննել պետական դավաճանության վերաբերյալ փաստաբանների հաղորդումը

ՀՔԾ-ն Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը քննության առարկա կդարձնի Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործից առանձին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ և դատախազության անգործության դեմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և մյուս փաստաբանների կողմից ներկայացված բողոքը։ Դատարանի նշված որոշման հիման վրա ՀՔԾ-ն պարտավոր է առանձին քննության առարկա դարձնել ներկայացված հաղորդումը և որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբան, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին։

Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ այն կցվել է արդեն հարուցված քրեական գործին, մինչդեռ՝ փաստաբանները գտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Ըստ փաստաբանների՝ դատախազությունը և ՀՔԾ-ն անգործություն են ցուցաբերել, ինչի դեմ բողոք է ներկայացվել։

Այս խորագրի վերջին նյութերը