Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետ
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք պայքարում ենք ոչ թե մեր հայրենիքի ու պետականության, ոչ թե հայրենիքի փրկության, այլ Սահմանադրության համար։ Վախենամ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ մեր սահմանադրությունը դարձել է Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի նման մի փաստաթուղթ։ Այսինքն ունենանք Սահմանադրություն բայց չունենանք պետություն, չունենանք հայրենիք: Հետո, սահմանադրությունը ձեռքներիս աշխարհի հզորների դռները թակելով հայրենիք ու պետականություն մուրանք»,-անդրադառնալով երկրում տիրող անիշխանությանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ընդգծելով.
-Ավելի թարմ օրինակ բերեմ, մեր աչքի առջև, մենք նախորդ օրը «հաղթելով» Ադրբեջանին, հաջորդ օրը, մի գիշերվա մեջ կորցրեցինք Արցախի 70 տոկոսը ու շարունակում ենք օրեցօր կորցնել մեր տարածքները, մեր ինքնիշխանությունը։ Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին։ Այսօր քանի կոպեկ արժի Արցախի սահմանադրությունը, երբ այդ Սահմանադրությամբ ամրագրված երկրի 70 տոկոսը հանձնվեց թշնամուն։ 10 միլիոնանոց համայն հայությունը հպարտանում էր Արցախով, հպարտանում էր Արցախի պետականությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով, Շուշիով, Դադիվանքով: Ու մեր ինչն է հիմա ապահովում Արցախի սահմանադրությունը, երբ նույնիսկ մեզ մնացած տարածքում, մեր տուն գնալու համար պետք է ունենանք թուրքի թույլտվությունն ու ռուսների օգնությունը։ Էլ ու՞ր մնաց Սահմանադրությամբ երաշխավորված մեր իրավունքները։ Հիմա մտածենք, թե որն է կարևորը, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ՞, թե սահմանադրությունը, երբ կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև։
Վերջում պարոն Դանիելյանը փաստում է.
-Այսօր հայրենիքի փրկությունը արդեն վերացական չէ, ու շատ վճռական քայլեր է պահանջվում մեզ բոլորիցս և կոնկրետ քայլեր մեզնից յուրաքանչյուրից՝ լինել ժողովրդի հետ, գալ Բաղրամյան պողոտա ու տեր կանգնել մեր հայրենիքին։
Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետ