Քաղաքական

02.03.2021 18:09


«Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում պարտության անձնական պատասխանատվությունն իր վրայից գցել և սլաքներն ուղղել զինվորականների կողմը». ռուս քաղաքագետ

«Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում պարտության անձնական պատասխանատվությունն իր վրայից գցել և սլաքներն ուղղել զինվորականների կողմը». ռուս քաղաքագետ

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին և փորձագետների հետ քննարկել ընթացիկ իրավիճակն ու հնարավոր հանգուցալուծումները:

«Ամեն ինչ ցույց կտան արտահերթ ընտրությունները: Կարծում եմ՝ Հայաստանը գնում է դրան»,-նշել է քաղաքագետ, ՌԴ Ռազմավարական զարգացման հիմնադրամի փորձագիտական խորհրդի ղեկավար Իգոր Շատրովը:

«Իմ կարծիքով՝ Փաշինյանն այս ամբողջ ավանտյուրան սկսել է մի նպատակով՝ նոր, հետպատերազմական լեգիտիմություն ապահովել իր իշխանության համար՝ իր վրայից հանելով Լեռնային Ղարաբաղում պարտության անձնական պատասխանատվությունը և սլաքներն ուղղելով զինվորականների կողմը: Գլխավոր շտաբը տվյալ պարագայում ամենահարմար «սլաքավարն» է: Վարչապետի կողմից գիտակցաբար ասված սադրիչ հիմարությունն «Իսկանդեր»-ների մասին, իհարկե, չէր կարող արձագանք չստանալ զինվորականների կողմից: Փաշինյանը դա հասկանում էր»,-մեկնաբանում է փորձագետը:

Ինչպես նա նկատում է, «բանակի կողմից հնչած հայտարարություններն առիթ տվեցին Փաշինյանին գեներալներին մեղադրելու հեղաշրջում նախապատրաստելու համար»: «Եթե այդ տարբերակն ընդունվի հասարակության կողմից, դժվար չի լինի նույնիսկ Ղարաբաղում կրած պարտությունը վերջնականապես վերագրել զինվորականներին, որոնք այն ժամանակ, իբրև թե, մտածում էին ոչ թե հայրենիքի շահերի պաշտպանության, այլ այն մասին, թե ինչպես զավթեն իշխանությունը»,-եզրակացնում է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Վերջինս որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը