Մեկնաբանություն

06.03.2021 13:38


Օնիկ Գասպարյանը կպատասխանի՞ Ալիևին

Օնիկ Գասպարյանը կպատասխանի՞ Ալիևին

Իլհամ Ալիևի նոր կարգախոսը դարձել է «Զանգեզուրն Ադրբեջան է, և վե՛րջ»։ Նախորդը վերաբերում էր Արցախին ու նա Նիկոլի օգնությամբ ոչնչացրեց Արցախի պետականությունը։

Հիմա Ալիևը հոխորտում է, որ եթե հայերը խելոք չմնան, ապա իրենք կստիպեն ու Սյունիքի միջանցքը կվերցնեն։ Իսկ եթե հայերը նորմալ պահեն իրենց, ապա ըստ Ալիևի, կարող են օգտվել այն միջանցքից, որը ծառայելու է թյուրքական ժողովուրդների տնտեսական ու աշխարհաքաղաքական հաղթարշավին։

Նիկոլ Փաշինյանից, ինչպես միշտ, ծպտուն չի լսվում։ Նա կա՛մ «էն գլխից», կա՛մ հանգամանքների բերումով ծառայում է ադրբեջանաթուրքական շահերին։

Նիկոլը ձայնը գլուխն է գցում ու հետույքը պատռում միայն ներքաղաքական զարգացումների ժամանակ, երբ իր աթոռին վտանգ է սպառնում։ Մնացած հարցերում ինքը տվող է։ Հող տվող։ Թուրքերն ու ադրբեջանցիներն, ի դեպ, ներքին հարցերում բացահայտորեն աջակցում են Նիկոլին, ինչը բնական է։

Կա՛մ, կա՛մ․ ճշմարտության պահը

Հայ ժողովրդի համար Նիկոլից ակնկալիք չկա։ Բայց կա ակնկալիք ՀՀ զինված ուժերից։

Մեր զինված ուժերը «Լավ է ուշ, քան երբեք» տարբերակով պահանջել են Նիկոլի հրաժարականը։ Շատ ճիշտ ու լեգիտիմ պահանջ է։ Բայց ․․․

Զինված ուժերը քաղաքական կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն չեն, որ հրաժարական պահանջեն ու ․․․ վերջ։

Զինված ուժերի պահանջի շարունակության սցենարն էականորեն տարբերվում է քաղաքական ուժերի պահանջի սցենարից։ Քաղաքական ուժը պահանջում է, դուրս է գալիս փողոց, ակնկալում հանրային աջակցություն ու գնում որոշակի գործողությունների։ Հայրենիքի փրկության շարժումը հենց դրանով է զբաղված։ Մի մասը կարող է գոհ լինել շարժումից, մյուս մասը՝ դժգոհ։ Սակայն փաստն այն է, որ միայն այդ շարժումն է կարողանում զանգվածայնություն տալ ողջամիտ հայության պահանջներին։

ՀՀ սահմանադրության 14–րդ հոդվածի 1–ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Ալիևի հայտարարություններն ու գործողությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վարքագիծը հօգուտ Ադրբեջանի են ու ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության։ Ալիևը կասկածի տեղ չի թողնում՝ Նիկոլի ձեռքերով թուրքերը ոչնչացնելու են Հայաստանի Հանրապետությունը։

Օնիկ Գասպարյանի գլխավորած կառույցին այլ բան չի մնում, քան պատասխանել Ալիևի մտադրություններին, ոտնձգություններին և շարժվել ՀՀ սահմանադրության տառին ու ոգուն համահունչ։ Ալիևի պատասխանը պետք է տրվի Երևանի կենտրոնում, այլապես ՀՀ զինված ուժերը կխախտեն ՀՀ սահմանադրությունն ու իրենց տված երդումը մեր պետությանը։

Եթե մեր զինված ուժերը շատ արագ և շատ կոնկրետ պատասխան չտվեցին Ալիևին, ապա վերջինս կպատասխանի ՀՀ զինված ուժերին Նիկոլի միջոցով։ Այստեղ ընտրության լայն հնարավորություն չկա։ Կա՛մ, կա՛մ․․․

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը