Քաղաքական

06.03.2021 14:14


«Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ

«Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ

«Սվաբոդնայա պրեսա»-ն «Հյուսիս-Արևմուտք» քաղաքական նորությունների գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիևի հետ զրուցել է Արցախյան վերջին պատերազմի հետևանքների, Հայաստանում դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության և հարակից թեմաների մասին։

Անդրեյ Դմիտրիևի խոսքով, Հայաստանում իրադարձությունների զարգացումը բավականին զարմանալի է թվում:

«Անգամ մի կողմ թողնելով Նիկոլ Փաշինյանին ուղղված տարբեր մեղադրանքները (օրինակ՝ Արևմուտքի հետ գործակցությունը և այլն), ակնհայտ է, որ նա խայտառակ ձևով պարտվել է պատերազմում և պետք է հեռանա: Կողքից դիտելիս սա ակնհայտ է, բայց հայ հասարակության զգալի հատվածի համար այնքան էլ ոչ` հաշվի առնելով հանրահավաքներին մասնակցողների թիվը։ Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է անի նա, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն: Գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա»,-նշել է նա։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությանը` փորձագետը նշել է՝ իրականում ԳՇ-ի պահվածքն ապշեցնող է։

«Գեներալները հայտարարել են, որ Փաշինյանը պետք է հեռանա: Հետագայում, ըստ տրամաբանության, դրան պետք է հաջորդեր նրա ձերբակալումը և ռազմական դրության սահմանումը: Բայց նման բան տեղի չի ունենում: Եվ սա հիշեցնում է Արտակարգ դրության պետական կոմիտեն (դրա կազմում էր նաև տարեց մարշալ Դմիտրի Յազովը), որը սակայն վախեցավ հրաման տալ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին ձերբակալելու մասին։

Բայց ինքը՝ Ելցինը, չերկմտեց ո՛չ 1991-ին, երբ նա ձերբակալեց մարշալ Յազովին և թիմակիցներին, ո՛չ էլ 1993-ին, երբ նա տանկերից կրակեց խորհրդարան շենքի վրա: Եվ, ցավոք մեր երկրի համար, նա մնացել է որպես հաղթող: Հայաստանում նույնպես, ցավոք, Փաշինյանը դեռ «հաղթող» է թվում: Ինչպես երևում է, պարտված պատերազմից հետո հայերը ստանում են նաև ձախողված հեղափոխություն»,-հստակեցրել է Դմիտրիևը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում լուծում գտնելու թեմային, ապա, գործակալության խմբագրի խոսքով՝ հայերին այժմ Մարշալ Բաղրամյանի նման ղեկավար է անհրաժեշտ։

«Նա հերոս և գաղափարապես իմաստուն մարդ էր։ Փետրվարյան հեղափոխությունից և Հայաստանի անկախությունից հետո նա դաշնակցական էր, որը քաջարի պայքար է մղել թուրքերի դեմ, ապա անցել Կարմիր բանակի կողմը և հաստատել Խորհրդային իշխանությունն Անդրկովկասում»,-ամփոփել է նա ու հավելել՝ «սեփական «թուրքերին» իշխանությունից դուրս շպրտելը և Ռուսաստանի հետ սերտ ինտեգրման պայմաններում նոր Հայաստանի կառուցման մեկնարկը Երևանի համար այսօրվա ամենաարդիական օրակարգն է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը