Քաղաքական

06.03.2021 17:29


ՀՀ-ում չի կարող լինել ընտրություն, որը կանցկացնի երկիրը դավաճանած, հազարավոր մարդկանց «գլուխ կերած» անձը. ովքեր իր հետ փորձեն այդ գործընթացին մասնակցել, նրա հանցակիցներն են. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ-ում չի կարող լինել ընտրություն, որը կանցկացնի երկիրը դավաճանած, հազարավոր մարդկանց «գլուխ կերած» անձը. ովքեր իր հետ փորձեն այդ գործընթացին մասնակցել, նրա հանցակիցներն են. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Մեր հասարակությունը «նոկաուտի» մեջ է հայտնվել երկրի դավաճանական իշխանության գործողությունների հետևանքով, բայց աստիճանաբար սկսում է արթնանալ: Այս մասին ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ մենք կորցրել ենք ՀՀ-ն, այդպիսի պետություն այլևս գոյություն չունի, որովհետև այդ պետության իմաստը, գոյաբանությունը կապված էր Արցախի հետ:

«Այն մեզնից գողացել են՝ դավաճանական իշխանությունների գործունեության հետևանքով: Մենք այժմ գտնվում ենք նոր իմաստի, գոյաբանության որոնումների մեջ: Ինչքան էլ փորձենք այլ իմաստ գտնել, չի ստացվելու: Իմաստ ինչպես եղել է Արցախը, այնպես էլ կա: Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան՝ Ղարաբաղի հարցում ունեցել ենք շատ լավ իրավիճակ թե՛ դիվանագիտության ոլորտում, թե՛ տարածքային առումով, թե՛ մարդկանց անվտանգության առումով:

Այդ ամենը ՀՀ դավաճան իշխանությունների ստահակության, ապաշնորհության հետևանքով կորցրել ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լավ երկիր ստեղծելու համար կա կարևորագույն նախապայման՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ պետք է հեռանա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում իր օրոք, Միհրան Հակոբյանն ասաց՝ չի կարող ՀՀ-ում լինել ընտրություն, որը կանցկացնի երկիրը դավաճանած, կապիտուլացրած, հազարավոր մարդկանց «գլուխ կերած» անձնավորությունը:

«Մարտի 1-ի հանրահավաքն ամենացցուն օրինակն էր, որ չի կարելի Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի պաշտոնում, և նա արտահերթ ընտրություններ կազմակերպի: Հանրահավաքի ժամանակ մարդկանց կաշառքով, վախեցնելով, ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ լցնում էին հրապարակ՝ փորձելով ժողովրդի աջակցության պատրանք ստեղծել: Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները կեղծելու է, լցոնելու է: Նա չի կարող ընտրություն կազմակերպել, ովքեր իր հետ փորձեն այդ գործընթացին մասնակցել, առնվազն մոլորյալներ են, նրա հանցակիցներն են»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը