Քաղաքական

06.03.2021 18:35


Անվտանգության խորհրդի ինստիտուտը գոյություն չունի, անգամ մեծագույն ցանկության դեպքում դաշնակիցները չեն կարող լուրջ ընդունել այդ կառույցը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի ինստիտուտը գոյություն չունի, անգամ մեծագույն ցանկության դեպքում դաշնակիցները չեն կարող լուրջ ընդունել այդ կառույցը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունը ընդհանրապես խարխլված վիճակի է բերվել ուղղություններից յուրաքանչյուրում՝ Իրանի, Վրաստանի, մեր ռազմավարական դաշնակցի հետ, բոլոր ուղղություններով մենք ունենք զրոյացված և զրոյից ներքև վիճակ. Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Tert.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ պետք է մտածել ապագայի մասին, քանի որ, կարևոր է, որպեսզի հասարակությունը պատկերացնի, որ խնդիրը չի ավարտվելու իշխանությամբ, այլ բոլոր ոլորտները փշրված վիճակից պետք է բարձրացնել ու վերականգնել:

Բեքարյանի կարծիքով` առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, քանի որ դժվար է պատկերացնել միջազգային գործընկեր, որ կարող է ինչ-որ բան քննարկել այս իշխանության հետ, երկրորդ խնդիրն, ըստ նրա, չդադարող պարտության դադարեցումն է. «Այսօր իշխանությունները նշում են, որ ընդդիմության՝ իշխանության գալու պարագայում կա նոր պատերազմի վտանգ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, բացահայտ սուտ է, մենք պատերազմի վտանգ ունենք այս իշխանության շարունակվելու դեպքում: Տեսնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում, գյուղերում, ժողովուրդն ինչ-որ պահի չի ենթարկվելու և հայտնվելու ենք ռազմական գործողությունների շեմին»:

Բեքարյանի համոզմամբ շատ կարևոր է դիվանագիտական աշխատանք իրականացնելը, ինչպես նաև մշակվի օրակարգ՝ ՌԴ-ի հետ քննարկումների համար. «Կարևոր է, որ մեր ռազմավարական դաշնակցի, խաղաղապահ առաքելություն իրականացնող պատասխանատուի հետ, նաև Մինսկի խմբի համանախագահի հետ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկի հետ հասկանալու, եթե այս պատերազմը կանգնել է, ո՞նց կարող է այդ հայտարարագրից զատ, ինչ-որ գործընթացներ տեղի ունենան՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, սա հասկանալու պարագայում մյուս բոլոր ուղղություններում փակագծերը կսկսվեն բացվել»:

Բեքարյանը նշեց, որ այսօր անվտանգության խորհրդի ինստիտուտ գոյություն չունի, այն իրապես չի գործում. «Եթե տեսնում եք քայլող պաշտոնյաներ, որոնք կարող են ներկայանալ անվտանգության խորհրդի վկայականով, դրանից չի հետևում, որ այդ ինստիտուտը գոյություն չունի: Տեսեք թե նույն Ռուսաստանի դաշնությունում այդ ինստիտուտն ի՞նչ կշիռ ունի, ի՞նչ կապեր ունի: Դաշնակից երկիր ենք և այդ ինստիտուտը ռետինով ջնջած է, դրա համար առաջին քայլը պետք է լինի այդ ինստիտուտը կյանքի կոչելը, որ նա կարողանա «պետության մատից փուշ հանել»: Այն ինստիտուտն, որն այսօր կա, դաշնակիցներն իրենց մեծագույն ցանկության պարագայում չեն կարող լուրջ ընդունել»:

Այս խորագրի վերջին նյութերը