Հարցազրույց

25.05.2011 18:19


Տիգրան Քոչարյան.

Տիգրան Քոչարյան.

Հարցազրույց բլոգեր Տիգրան Քոչարյանի (Pigh) հետ

–Ըստ Ձեզ՝ ինչի՞ վերաբերյալ է ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։

Ըստ ինձ՝ սա ուղղակի սակարկություն է՝ մի կողմից ՀԱԿ-ի դեմքը փրկելու, մյուս կողմից՝ Արևմուտքին հաճոյանալու: Քանի որ վերջերս որոշ արևմտյան կառույցներ անթաքույց փորձում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, իշխանություններին այլ բան չի մնում, քան գնալ որոշակի քայլերի:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ  ՀԱԿ–ն իր արժանապատվությունը չի ծախի 20–40 պատգամավորական տեղի դիմաց։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը։

Ես Արամ Մանուկյանի հայտարարություններին այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի իրական տերերը Հայաստանից դուրս են, և ՀԱԿ-ն ուղղակի նրանց պահանջների հլու-հնազանդ կամակատարն է: Առանց Մանուկյանի ասածի էլ բոլորս քաջատեղյակ ենք, որ ՀԱԿ-ի ամբողջ գործունեությունը հիմնված է քաղաքական ռևանշիզմի և նեոբոլշևիկյան գաղափարախոսության վրա, և նրանցից իրոք դժվար է սպասել, որ բավարարվեն ինչ-որ քանակի մանդատներով:

Մայիսի 31–ին, ըստ Ձեզ, ի՞նչ իրադարձություն տեղի կունենա։

Մայիսի 31-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի մեծարման երեկոն, կխոսեն, կքայլեն,  իսկ այնուհետև գործընթացը կտեղափոխվի 3 ամսով, քանի որ ամառը, բոլորս գիտենք՝ արձակուրդների սեզոն է:

Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներով են կողմերը երկխոսում։

Դժվար է ասել՝ ինչով կավարտվի այս երկխոսությունը. այս հարցը պետք է այլ հարթության մեջ դիտարկել: Ինչքանով Արևմուտքը դժգոհ կմնա ներկա իշխանություններից, այդքան էլ ռադիկալ կլինի ընդդիմությունը: Արդեն երրորդ տարին է, ինչ ՀԱԿ-ը դարձել է որոշ ուժերի ձեռքում մահակ մեր իշխանությունների համար, և օգտագործվում է հիմնականում որպես իրավիճակն արագ ապակայունացնելու գործիք:

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում հասարակությունը, հիասթափվա՞ծ է։

–Հասարակությունը հիմնականում արդեն հոգնել է այս գզվռտոցից՝ հասկանալով, որ ներկայումս  իրեն «միակն ու անկրկնելի» համարող ընդդիմությունը հիմնականում  «թքած ունի» ժողովրդի վրա և զբաղված է անձնական կամ նեղ կուսակցական շահերը  պաշտպանելով:

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը