Տնտեսական

13.03.2021 11:02


Ավելի լավ է այս կառավարությունը որևէ բան չանի, ընդհանրապես աշխատանքի չգնա, քանի որ գնալով ավելի է խորացնում առկա խնդիրները․ Թադևոս Ավետիսյան

Ավելի լավ է այս կառավարությունը որևէ բան չանի, ընդհանրապես աշխատանքի չգնա, քանի որ գնալով ավելի է խորացնում առկա խնդիրները․ Թադևոս Ավետիսյան

Կառավարության կողմից տնտեսության վերականգնման որևէ որևէ գործողություն չեմ տեսնում, հակառակը՝ խուճապային տրամադրությունները, իրարամերժ մոտեցումները և արդեն իսկ տնտեսական խորացող ճգնաժամը բերում են առարկայական խնդիրների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին։

Նա նկատեց, որ արդեն իսկմ կրճատում են ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը, կրթության ոլորտի ֆինանսավորումը, շատ մոտ ապագայում ականատես կլինենք սոցիալական նվազագույն ծախսերի՝ նպաստի, թոշակի վերանայումների: Ըստ նրա՝ վերջին հաշվով անցնելու են պետական համակարգի աշխատողների զանգվածային կրճատումների։

«Արտաքին պարտքը հասցրել են մաքսիմումի, դրա վրա էլ հույս դնել չեն կարող, ձախողումները շարունակվում են»,-ասաց նա և ներկայացրեց, որ հունվար ամսին տնտեսության ակտիվության 7,5 տոկոս անկում ունենք, արդյունաբերությունը, ապրանքաշրջանառությունը կրճատվել է, ինչը բերում է հարկային մուտքերի նվազման։

«Իմ հորդորն այս կառավարությանն այն է, որ որևէ բան չանեն, կամ ավելի ճիշտ կլինի, որ ընդհանրապես աշխատանքի չգնան, մինչև վերջնական պաշտոնանկությունները։ Ավելի լավ է որևէ բան չանեն, քանի որ ինչ անում են, ավելի խորացնում են առկա խնդիրները»,–ասաց նա։

Թադևոս Ավետիսյանն ասաց, որ այդ ամենի պատճառն այն է, որ չունեն երկիրը այս վիճակից դուրս բերելու իրական նպատակ։ «Իրենց նպատակը աթոռներին կառչած մնալն է և հետևաբար չեն կարող այդ քաղաքական խմբակի անձնական, քաղաքական նպատակները համահունչ լինել երկրի զարգացմանը»,-ասաց նա։

Տնտեսագետը նկատեց՝ այս իշխանությունը իր ձախողումների համար էլ ուրիշներին է մեղավոր ճանաչում։ «Այսօր էլ էկոնոմիկայի նախարարը գնաճի այս ահագնացնող տեմպի համար մեղավոր գտավ միջազգային շուկաներին։ Բայց ինքը, լինելով տնտեսագետ, պետք է անդրադառնար, որ միջազգային շուկայում գները արտահատվում են պահուստային արժեքներով և եթե մեկ-երկու տոկոսանոց աճ կա, ապա այստեղ ազգային արժույթի արժեզրկումն էլ գումարվում։ Հուսանք՝ ազգային արժույթի արժեզրկման մեղավոր չեն հռչակվի միջազգային ֆինանսական շուկաները, թե չէ ամբողջովին համաշխարհային հանրության մեջ խայտառակ կլինենք»,–ասաց նա։

Ավետիսյանը նշեց՝ կառավարության տարբեր անդամների մոտ իրարամերժ հայտարարություններ կան: «Ակնհայտ է՝ այս իրողություններով մենք թևակոխում ենք դեպի մակրոտնտեսական անկայունության փուլ և ամենավտանգավորն այն է, որ այդ ամբողջը միասին բերելու է հումանիտար աղետի մեր երկրում, եթե իհարկե այս տեմպերով, այս չափ ձախողումներով ինտենսիվ գնանք առաջ»,–հավելեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը