Աշխարհ

15.04.2009 17:04


Մասնագետները՝ Վրաստանում հնարավոր իշխանափոխության մասին

Մասնագետները՝ Վրաստանում հնարավոր իշխանափոխության մասին

-Վրաստանը բազմազգ  երկիր է, և ներքաղաքական որևէ խնդիր, առանց ազգային փոքրամասնությունների մասնակցության,  անհնար է  լուծել,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Նրա հավաստմամբ,  «Վրաստանի այսօրվա իրավիճակը հետևանք է վերջին տասնամյակներին Վրաստանի վարած քաղաքականության։ Վրաստանը, փորձելով ստանձնել նոր դերակատարություն տարածաշրջանում, այդպես էլ չկարողացավ կատարել իր պարտավորությունները թե՛ ներքին քաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության հարցերում»։

Մյուս բանախոսը՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վրացական հարցերով մասնագետ, պատմաբան Թամարա Վարդանյանն ասել է, թե Վրաստանը բազմէթնիկ երկիր է և նրա արտաքին քաղաքականությունը լուրջ վերանայման կարիք ունի։

Հ. Ալվրցյանի կարծիքով, Վրաստանի այսօրվա  ընդդիմության քայլերը դժվար թե իշխանափոխության վերածվեն.

-Իշխանափոխության համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր մտքեր և նոր առաջնորդ։ Այդպիսին այսօր Վրաստանում չկա, ուստի ազգային փոքրամասնությունները՝ հատկապես Ջավախքի հայությունը, ոչ մի կերպ իր խնդիրներն այս հեղաշրջման մեջ չեն տեսնում։ Եթե Սահակաշվիլու իշխանության գալու ժամանակ ազգային փոքրամասնությունները հույս էին փայփայում այս «նորերի» հետ, ապա համոզվեցին, որ ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ նրանից պառակտված և բեկորների վերածված այսօրվա ընդդիմադիրներն ազգային հարցում չունեն անելիք և ասելիք։

                                                                                                                Սյուզի Մելքոնյան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը