Լրահոս

30.05.2011 16:06


Սլովակիայի հայտնի «Տիժդեն» շաբաթաթերթը 12 էջ է նվիրել արցախյան հարցի լուսաբանմանը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ այսօր Սլովակիայի հայտնի «Տիժդեն» շաբաթաթերթը 12 էջ է նվիրել արցախյան հարցի լուսաբանմանը: Այս խոշոր հոդվածաշարը բաղկացած 4 հոդվածներից, որոնք պարունակում են 12 խոշոր լուսանկարներ կատարված Արցախում, պատրաստվել է հայտնի լրագրող և լուսանկարիչ Անդրեյ Բանի կողմից: Անդրեյ Բանն ապրիլյան վերջին շաբաթն անցկացրեց Արցախում և ունեցավ բոլոր այն հանդիպումները, որը ծրագրել էր ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը և հովանավորել նրա ու Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլակի այցը Հայաստան և Արցախ: Հոդվածը գրված է շատ օբյեկտիվ: Անդրեյ Բանը փորձել է անկեղծորեն վերլուծել եվրոպացու համար անհասկանալի արցախյան խնդիրը` այն  ներկայացնելով որպես հայ ժողովրդի ողբերգություն ու հայ ժողովրդի հաղթանակ: Երկու էջի վրա ներկայացված է Գանձասարի ինտերիերի լուսանկարը` վերնագրված «Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը փառքի են հասել համանման բարձրարվեստ տաճարների և եկեղեցիների շնորհիվ» երկտողով: Անդրեյ Բանի արցախ-ադրբեջանական ճակատային գիծ այցելելու պահին, ասես ճակատագրի բերումով, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել է հայ զինվոր, որի թաղմանը հաջորդ օրերին մասնակցել է լրագրողը: Դեպքի շուրջ լրագրողը խոսում է մեծ անհանգստությամբ ու ցավով` ներկայացնելով այն որպես Ադրբեջանի կողմից պատերազմական իրականություն ստեղծելու ագրեսիվ փորձ և ահազանգում այդ մասին աշխարհով մեկ: Անդրեյ Բանը նույնիսկ փորձում  է հասկանալ, թե ինչ վատ բան են արել հայերը` այսպիսի ճակատագրի արժանանլու համար, ու հարցը մնում է անպատասխան: Լինելով Աղդամում նա տալիս է բացատրություն այդ քաղաքի ոչնչացման շուրջ. «Աղդամը ռազմական կենտրոն էր, որտեղից ռմբակոծում էին Ստեփանակերտը և այլ հայկական քաղաքները: Հայերը այն ընկալում էին որպես սիմվոլ, որը պետք էր ոչնչացնել: Ասենք այնպես, ինչպես Կարմիր Բանակը ընկալում էր Բեռլինը»: Հոդվածում նաև ներկայացված է հարցազրույց ԼՂՀ-ի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանի և «Հայկական ազգային և  ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանի հետ, որտեղ խոսվում են Ադրբեջանի կողմից կազմակերպված սումգայիթյան և Բաքվի ողբերգությունների, գորբաչովյան սխալների, Թուրքիայի կողմից Ադրբեջանի հովանավորության և Արցախը Ադրբեջանի գերիշխանությանը վերադարձնելու անհնարինության մասին:

Հոդվածի արժեքը շատ բարձր է, և արվածը ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը համարում է մի մեծ քայլ Սլովակիայում ու Չեխիայում մեծ տիրաժով վաճառվող <<Տիժդեն>> շաբաթաթերթի միջոցով հասարակությանն արցախյան հիմնախնդրի շուրջ օբյեկտիվ հաղորդագրություն կազմակերպելու հարցում: Սա նաև մեծ քայլ է Միջին Եվրոպայի երկրներում Արցախի անկախության խնդիրը վերջնակետին հասցնելու գործընթացի ճանապարհին:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը