Մեկնաբանություն

01.06.2011 00:20


Սերժա–լևոնական գործարքի «նրբությունները»

Սերժա–լևոնական գործարքի «նրբությունները»

Մայիսի 31–ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը վերջապես բաց տեքստով խոստովանեց, որ ցանկություն ունի իշխանության հետ գնալ գործարքի։ Ճիշտ է, ՀԱԿ առաջնորդն ասաց, թե դրական է գնահատում բացառապես այն գործարքը, որը ոչ թե անձնական, այլ հասարակական ու պետական շահ է հետապնդում, բայց դա քաղաքական «լիրիկայի» ոլորտից է և նախատեսված է զոմբիների համար, որոնք «այո՜» են վանկարկում նույնիսկ այն պահին, երբ Տեր–Պետրոսյանը նկարագրում է, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը։

Սերժա–լևոնական գործարքի թեմայի մասին խոսելիս չենք կարող չնկատել մի շատ «խոխմա» պահ։ Բանն այն է, որ իշխանությունը երբեք չի հայտարարել, թե ուզում է ՀԱԿ–ի հետ օր առաջ երկխոսել արտահերթ ընտրությունների շուրջ կամ ընդհանրապես երկխոսել այն իմաստով, ինչ իմաստով, որ «արմատականներն» են պատկերացնում։

Իշխանության պատկերացրած «երկխոսությունը» համալիրի շենքում տասնյակ կուսակցությունների հետ «գյալաջի» անելն է, որին նրանք հիմա էլ են պատրաստ, բայց այս անգամ արդեն ՀԱԿ անդամ կուսակցությունների մասնակցությամբ։ Բայց եթե դատելու լինենք Տեր–Պետրոսյանի ու ՀԱԿ–ը ներկայացնող այլ գործիչների հայտարարություններից, ապա ստացվում է շատ «մազալու» պատկեր։

Այսպես, ըստ ՀԱԿ–ից մեզ մատուցվող քաղաքական «թրիլլերի», Սերժ Սարգսյանն ուզում էր օր առաջ անցկացնել  նախագահական ու խորհրդարանական  արտահերթ ընտրություններ, բայց չէր կարողանում այդ գործը գլուխ բերել ու ստիպված դիմեց Կոնգրեսին։ Տեր–Պետրոսյանն էլ, Սերժ Սարգսյանի խնդրանքներին ի պատասախան, ասաց, թե ինքը արտահերթի շուրջ գործարք կկնքի իշխանության հետ, եթե կատարվեն իր երեք նվազագույն պահանջները։ Դրանից հետո Սարգսյանը շտապեց  կատարել ՀԱԿ–ի պահանջները, որպեսզի վերջապես կարողանա հաջողացնել արտահերթի հարցը։ ՀԱԿ–ն էլ իր հերթին արձանագրեց, որ երկխոսության դուռն արդեն բացվել է և գործարքը սկսում է կյանքի կոչվել։ Ահա այսպիսի «հուզիչ» տեսարան։

Զավեշտն այն է, որ ՀԱԿ–ի համակիր մարդկանց մի մասը, փաստորեն, հավատում է վերը նկարագրված անհեթեթությանը, քանի որ անկեղծորեն համոզված է, թե Ս. Սարգսյանը կատարեց Տեր–Պետրոսյանի երեք «պահանջները», որպեսզի դրանից անմիջապես հետո բանակցի արտահերթի և, ենթադրաբար, իր հեռացման խնդիրների շուրջ։ Եթե կա մարդ, որ նման հեքիաթների հավատում է, ապա նա մի այլ կարգի Լևոնի վկա է, ինչն անբուժելի է։

Իրականությունն այն է, որ Տեր–Պետրոսյանը հույս ունի, թե Հայաստանը կենթարկվի արտաքին ու ներքին կոլապսի ու դրանից հետո Սարգսյանը ստիպված կլինի  «երկխոսել» իր հետ ու որպեսզի գործարքը հնարավոր բարձր գնով լինի՝ հանրահավաքային ցուցադրություններ են արվում և «կոշտ» հռետորաբանություն կիրառվում ճիշտ այն նպատակով, ինչ նպատակով որ, ասենք, «գիշերային թիթեռնիկներն» են վուլգար բառապաշարով, ճչացող արտաքինով ու ագրեսիվ պահվածքով փորձում գին բարձրացնել և «երկխոսության» գնալ պատվիրատուի հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը