Խմբագրական

16.04.2009 10:38


Ե՞րբ է ավարտվելու անցումային փուլը

Ե՞րբ   է    ավարտվելու   անցումային   փուլը

Հայաստանի   տիպի   երկրներն   ընդունված  է    անվանել  «անցումային» և բոլոր խնդիրները պատճառաբանել անցման առանձնահատկություններով։  Անկախության  սկզբնական   փուլում   դա  հասկանալի էր և մարդիկ «ըմբռնումով» էին մոտենում դժվարություններին։ Բայց պարզվեց, որ «անցումը» հավերժական կատեգորիայի է վերածվում և դառնում բոլոր «մաստերի» իշխանությունների արդարանալու միջոցը։  Տարիները գնում են,   բայց  մենք  դեռ  «անցնում»   ենք  և  վերջը չի  երևում։

Անցումային   ժողովրդավարությունների  խնդիրներն  առնչվում  են   հասարակական   կյանքի  գրեթե  բոլոր   ոլորտներին։ Ըստ   այդմ՝   իրենց   ձևն   ու  բովանդակությունը   պետք   է  փոխեն  քաղաքական,  տնտեսական,  իրավական  և   միջանձնային   հարաբերությունները։

ՍՍՀՄ-ի   փլուզման   արդյունքում  ձևավորված  նորանկախ  պետությունների  քաղաքական  վերնախավերը  պետք   է   լուծեին   միակուսակցականից   դեպի բազմակուսակցականին,   պետական  սեփականությունից  դեպի  մասնավոր   կամ  խառը  սեփականության   ձևերին,  սուբյեկտիվ  իրավական  համակարգին,  պետական    ու  տեղական  կառավարման համակարգերի  ժողովրդավարացմանը և   մարդու  իրավունքների  գերակայությամբ  քաղաքացիական  հասարակությանն  անցնելու   խնդիրները։ Ձևական  առումով՝   նշված   գործընթացները   Հայաստանում   տեղի   են   ունեցել,   բայց  իրականում   լրջագույն   հարցեր   կան,   որոնք ցայտուն կերպով արտահայտվում են հատկապես ընտրությունների և բիզնես հարաբերությունների  ժամանակ։ «Անցումային   փուլ»  կոչվածն արդեն անեծքի է վերածվում։ Դրանով  արդարացվում  են  և՛  վատ  կառավարումը,  և՛  սոցիալական  բևեռացվածությունը,   և՛  բարքերի   անկումը։ Իսկ    ե՞րբ   մենք  դուրս  կգանք   անցումային  փուլից։  Ահա  այս  հարցն  է,   որ  հուզում   է  շատերիս։

Պլանայինից   դեպի  շուկայական  տնտեսությանն   անցնելու  գործընթացն   աննախադեպ  էր  և  հնարավոր  չէ,   միջազգային  համանման փորձն  ուսումնասիրելով,   ասել,   թե   ո՞ր   պահից  սկսած    կարելի  է  անցումային   փուլն   ավարտված   համարել։ Մենք   կարող  ենք  ունենալ   ժողովրդավարական   երկրներին  հատուկ  օրենսդրական  բազա,   սակայն  գործնականում  ապրենք  լրիվ  ուրիշ  համակարգում։  Հիմա   այդպես   էլ  կա։  Եվ  ուրեմն   ո՞ր   գործընթացներն են   ինդիկատորի դեր կատարելու՝   որպես   անցումայինից  դուրս  գալու  սկիզբ։

Ինչպես   արդեն  նշեցի՝ սովետական տիպի ամբողջատիրությունից ժողովրդավարականին   անցնելու  փորձ  չկա,   բայց   փոխարենը  կարող   ենք   դիտարկել    կոշտ կամ փափուկ ավտորիտար,    պսեվդոշուկայական   երկրների  (ինչպիսին այսօր Հայաստանն է) ժողովրդավարական անցման գործընթացները  և  անել  որոշակի  եզրակացություններ։

Եվրոպական, լատինա-ամերիկյան և ասիական   երկրների (աֆրիկյան «տրանզիտները» մեծամասամբ չեն ստացվում)  ավտորիտար   ռեժիմների   ժողովրդավարացումը   և   տնտեսական   կյանքի  մրցակցային  դառնալը յուրաքանչյուր երկրում ընթացել է յուրովի, բայց բոլորի մոտ,   ինչքանով  որ  ես եմ   ուսումնասիրել   և  ընկալել,   ընդհանուր են եղել հետևյալ փուլերը.

1.      Գործող  աջ-ավտորիտար  ռեժիմները   վարել  են արտաքինից  ներքին շուկան պաշտպանելու և, միևնույն ժամանակ, տնտեսության ազատականացման քաղաքականություն։ «Թույլ»   ազգային   դրամով  և խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ խրախուսել   են  տեղական  արտադրողներին, նպաստել են խոշոր  ֆինանսա-արդյունաբերական  խմբերի ձևավորմանը։ Աշխատուժի շուկայի  և սոցիալապես անապահով խավերի խնդիրները մղվել են երկրորդ պլան։ Այդ ռեժիմների կարգախոսը կարելի է ընդհանրացնել «Լիբերալ տնտեսություն՝ առանց լիբերալ դեմոկրատիայի» բանաձևի մեջ, չնայած, որ դա դենսյաոպինյան ձևակերպումն էր՝ «կարմիր» շեղմամբ։

2.      Կապիտալի  կրողները,   ժամանակի  ընթացքում,   որոշակի  ինքնուրույնություն  են  ձեռքբերել,  կամաց-կամաց սկսվել է իշխանության և բիզնեսի տարանջատումը՝ մասնավոր հատվածի ընդլայնման հաշվին։ Ընթացել է կատաղի  մրցակցություն  տնտեսական  տարբեր  շրջանակների  միջև։

3.      Տնտեսական  դաշտի  մրցակցային  լինելը  և  սեփականության  ինստիտուտի    իրական    պաշտպանվածությունը՝ օբյեկտիվորեն նպաստել են  աշխատուժի  շուկայի   ձևավորմանը   և, որպես հետևանք, ստեղծվել են հզոր   արհմիություններ։

4.      Արհմիութենական  շարժումների  հիմքի  վրա՝   ձևավորվել  է  գոծուն  սոցիալ-դեմոկրատական  քաղաքական  ձախ ուժ,   որը  դարձել  է  աջ   ուժերի  իրական  մրցակիցը։

5.      Աջ   և  ձախ  ուժերի ժողովրդավարական մրցակցությունը ընտրությունների ժամանակ հանգեցրել  է իշխանափոխության՝ հօգուտ  ձախ  ուժերի։

6.      Հետագայում  սկսվել   է   «քաղաքական  ճոճանակի»  փուլը,   երբ  աջերն   ու  ձախերը  միմյանց,   առանց  ցնցումների,   փոխարինել  են  և  իշխանության  համար  մղվող  պայքարը  չի  դիտարկվել  որպես   կենաց- մահու   պայքար։

 

Եթե հայաստանյան  իրողությունները դիտարկենք վերը նշված փուլերի կտրվածքով,  ապա  կտեսնենք,   որ  մեզ  մոտ  դեռ  անցումային  փուլի  վաղ  շրջանն  է. կապիտալի  շահերը  պաշտպանված  չեն, առկա  է   սեփականության  վերաբաշխման   վտանգը  և  այսօրվա  պայմաններում,   երբ    բիզնեսը  ենթարկվում  է տոտալ ճնշումների   ու  դա  «արդարացվում» է թոշակների, նպաստների  բարձրացմամբ՝  կարելի  է  ասել,   որ  անցումային  փուլը  մենք  դեռ  երկար  ժամանակ  չենք  հաղթահարի։   Ավելին՝ մենք  կարող  ենք  ետ  շպրտվել  ու  հայտնի  չէ,  թե   երբ  կդառնանք  ժամանակակից  պետություն։ Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ  է     հստակ    գաղափարախոսություն  և  ծրագիր   ունեցող աջ  ուժ,   որը,  գալով իշխանության, մրցակցային  խաղի  կանոնները  կդարձնի  անշրջելի և կպաշտպանի ազգային բուրժուազիայի շահերը։ Դրան կհաջորդի  արհմիութենական  շարժումների փուլը։  Որից հետո՝ աշխատուժի  և  սոցիալապես  անապահով  խավերի  պաշտպանության   խնդիրներ   առաջ  քաշող  ձախ  ուժերը   բնականորեն  կակտիվանան  և  ընտրությունների  ժամանակ կփոխարինեն  աջերին։ Այդ   ժամանակ   արդեն  կարելի  է խոսել  անցումային  փուլի  ավարտի և  որակապես   նոր  պետություն   ունենալու  մասին։  

                                                                                            Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը