Մեկնաբանություն

07.07.2011 01:23


Հետաձգված հանրահավաքը, մեռելոցը և ՀԱԿ–ի ծննդյան օրը

Հետաձգված հանրահավաքը, մեռելոցը և ՀԱԿ–ի ծննդյան օրը

Ինչպես հայտնի է, հունիս 30–ի հանրահավաքային ելույթի վերջում Լևոն Տեր–Պետրոսյանը «քվեարկության» դրեց հաջորդ հանրահավաքի օրը։ Հավաքվածների մեծ մասի բղավոցներով ու ծղրտոցներով որոշվեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է օգոստոսի 1–ին։ Այսինքն՝ այսպես կոչված հասարակական ֆորումը եկավ այն կարծիքին, որ մինչև սեպտեմբեր ամիսը Սերժ Սարգսյանի «այո»–ին սպասելու  արանքում ևս մի թամաշա անցկացնեն, ՀԱԿ առաջնորդի կատարմամբ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերից մեկ–երկու մեջբերումներ լսեն և անվերապահ տուն գնան՝ կրկին հավաքվելու, գոռգոռալու և տուն գնալու հուժկու մտադրությամբ։ Բայց Օպերայի հրապարակում գոռացողների ձայնալարերի նախկին թարմությունը դեռ չվերականգնված՝ ՀԱԿ քաղխորհուրդը   նիստ է արել ու վերանայել հաջորդ հանրահավաքի անցկացման օրը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հանրահավաքի օրը որոշելու համար մարդիկ կոկորդ են պատռել։

ՀԱԿ քաղխորհրդի կայացրած որոշման վրա, ըստ իրենց, ազդել է այն հանգամանքը, որ օգոստոսի 1–ը մեռելոց է։ Այս ամենից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ՀԱԿ–ի ղեկավարությունը լսել է Ս. Սարգսյանի խորհուրդը և «երկխոսություն» ծրագրի շրջանակներում ուղևորվել Կառավարության շենք, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, «տիրացու» աշխատող վարչապետը հուշել է «ընդդիմադիրներին» փոխել հերթական հանրահավաքի օրը, քանի որ ինքը օգոստոսի 1–ին հերթական մեռելոցն է հայտարարելու։

Եթե Տիգրան Սարգսյանի մատն իրոք խառն է «փողոցայինների» հանրահավաքի օրվա հետաձգման հարցում, ապա դեպքերը հետևյալ կերպ են զարգացել. «երկխոսության» ժամանակ ՀԱԿ–ի հանրահավաքային օրակարգին իշխանությունը հակադրել է իր մեռելոցային օրակարգը, որից հետո կողմերը գնացել են փոխզիջման։

Ահա՛  ձեզ կառուցողական «երկխոսության» վառ օրինակ, որը նպաստում է մեր երկրի կայունությանն ու ջուր չի լցնում Ադրբեջանի ջրաղացին։

Ահա՛ ձեզ realpolitic–ի դրսևորում։

Ահա՛ ձեզ «էջմիածնական միաբանությունը» գործողության մեջ։

Կարեն Հակոբջանյան

Հ. Գ.։ Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ ՀԱԿ–ի ստեղծման օրը՝ օգոստոսի 1–ը, այս տարի համընկավ մեռելոցի օրվա հետ։ Քաղաքական ներկա իրողությունները հաշվի առնելով՝ Կոնգրեսի հանրահավաքի համար շատ ճիշտ օր էր ընտրված և չարժեր այն փոխել։

Այս խորագրի վերջին նյութերը