Հարցազրույց

13.05.2021 13:00


Եթե անպետք լիներ՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները առաջ գային կամ այդ տարածքները զբաղեցնեին. Միքայել Համբարձումյան

Եթե անպետք լիներ՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները առաջ գային կամ այդ տարածքները զբաղեցնեին. Միքայել Համբարձումյան

Երեկ կեսօրից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները առաջ են եկել Սև լճի տարածքում։ Ավելի ուշ՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները 3.5 կմ առաջ են եկել և փորձում են պարփակել Սև լիճը։

ArmDaily.am-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի հետ։

-Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Սյունիքում, հայկական կողմը ի՞նչ կարող է անել։

-Միայն մի բան կարող եմ ասել, սա ամենաթողության և ընդհանուր վիճակի հետևանք է, այսպիսի երևույթները շատ են լինելու, սա հնարավոր կլինի կանխել միայն նորմալ անվտանգության համակարգ ձևավորելուց հետո։

-Ինչպե՞ս կարող էին 3.5 կմ առաջ գալ ադրբեջանցիները, այդ տարածքներում չկա՞ն ՀՀ զինված ուժեր։

-Ամենազավեշտալին այն է, որ հայկական կողմը փորձում է հանրությանը ներկայացնել, որ ինչ-որ անպետք հատված են զբաղեցրել։ Ի՞նչ է, մարդիկ չե՞ն հասկանում՝ այդ տարածքը անպե՞տք է, թե՞ պետքական։ Եթե անպետք լիներ՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները առաջ գային կամ այդ տարածքները զբաղեցնեին։ Վստահ եմ, որ այդ տարածքները, որ այժմ զբաղեցրել են ադրբեջանցիները, կարևորություն են ներկայացնում հակառակորդի համար։ Մինչդեռ այժմ մեր մամուլով փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե իբրև այդ տարածքները անօգտագործելի ու աննպատակ տարածքներ էին, առանց կարևոր նշանակության։ Բնականաբար, սա հերթական խաբեությունն է։

-Պարոն Համբարձումյան, սա առիթ չէ՞ ՀԱՊԿ-ին դիմելու։

-Ես հիմա չեմ ցանկանում նման գնահատականներով կամ առաջարկներով հանդես գալ։ Պետություն կա, պետությունը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և որոշումները կայացնի։

-Ունե՞ք վստահություն, որ ճիշտ կկողմնորոշվեն։

-Իհարկե, վստահ չեմ։

-Ամեն դեպքում՝ հարցնեմ, ի՞նչ կարող է այս իրավիճակում անել ՀՀ կառավարությունը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

—Երկիրը պետք է կարգավորել, իսկ եթե չեն կարողանում` պետք է հեռանալ, այլ ոչ իրենց աթոռներին կառչած մնալով վտանգեն մեր հայրենիքը, այդքանը միայն։ Հառակ դեպքում՝ այսպիսի փաստերն ու երևույթները անվերջ են լինելու մինչև այս մարդիկ իրենց խնդիրը չլուծեն, նկատի ունեմ ադրբեջանցիներին։

—Իսկ իրենց խնդիրը ո՞րն է՝ ամբողջ Սյունի՞քը։

—Նվազագույնը՝ Սյունքը։

Այս խորագրի վերջին նյութերը