Լրահոս

08.06.2011 14:37


ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. «Մամեդյարովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. «Մամեդյարովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»

Մեկնաբանելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «7օր»–ին ասել է.

–Դա հայտարարություն է, որը չի համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ տարածքների, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե այս պահի դրությամբ հակամարտության կարգավորումը նախնական փուլում է։ Ինձ թվում է՝ այս հայտարարությամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր իրական նպատակը՝ Արցախի զավթումը։ Կազանից առաջ նման հայտարարություններ անելն, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Դա ցույց է տալիս, որ ստատուս–քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ։

Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմի համաձայն լինելու մասին հայտարարությունը սադրանք է. այդպիսի բան չկա, և հայտարարությունը որևէ հիմք չունի։

Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզի ստորագրմանը, Դավիթ Բաբայանն ասել է.

–Առավելագույնն ի՞նչ կարող է տալ Կազանի հանդիպումը՝ սկզբունքների շուրջ ինչ-որ հայտարարություն, այսինքն՝ խաղաղ կարգավորում, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքներ և այլն։

Նրա խոսքերով, սակայն, խնդիրը սկզբունքները չեն, այլ այն, թե ինչպես են կողմերը մեկնաբանում դրանք։

–Այս պահի դրությամբ կողմերն իրոք ունեն բավական իրարամերժ մոտեցումներ, և չեմ կարծում, որ հնարավոր կլինի մոտ ապագայում ինչ–որ ելք ակնկալել։ Ընդհակառակը՝ բոլոր աշխարհաքաղաքական զարգացումներն, ըստ իս, խոսում են այն մասին, որ ներկա իրավիճակի պահպանումը կլինի ամենաընդունելի տարբերակը, քանի որ չկան նոր մոտեցումներ։ Հատկապես Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում որևէ փոփոխություն պաշտոնական դիրքորոշման մեջ,– ընդգծել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը