Խմբագրական

17.04.2009 09:40


Մեր տնտեսության «վերելակի» մասին

Մեր տնտեսության «վերելակի» մասին

Հայաստանի բիզնես համակարգն ընդունված է պայմանականորեն բաժանել 3 խմբերի՝ խոշոր, միջին և փոքր։ Պետական քարոզչությունն այժմ թիրախ է հայտարարել խոշորին։ Զոհեր և վիրավորներ դեռ չկան։ Առայժմ «ճռռում» է բիզնեսի ամենաանպաշտպան շերտը, բայց ամեն օր հեռուստատեսությամբ լսում, որ կառավարությունն իրեն ուզում է աջակցել։

            Խոշորին բերման ենթարկելու  նպատակով՝ «երկրորդ սերնդի բարեփոխիչները»  գլոբալ խաղ են սկսել՝ այդ գործում  ներգրավելով փոքր ու միջին բիզնեսին։ Գաղափարը հետևյալն է. եթե պետությունը ճնշում է փոքրին, ապա վերջինս, մեծից «աբիժնիկի» հոգեվիճակով,  ստիպված ընկերանում է պետության հետ և երկուսով հարձակվում են մեծի վրա։ Պարզապես կառավարությունում երկար չեն մտածել այն մասին, որ այդ ընթացքում փոքրը կարող է շարքից դուրս գալ։ Կարևորն իրենց համար խոշորի թիրախավորումն է։

             Մեր հասարակության քվազիքաղքենիական զանգվածը և ռեակցիոն «ինծիլիգենցիան», կարծում եմ, դեմ չեն, որ  կառավարությունը ծնկի բերի խոշոր բիզնեսին,  և այդ շերտին կարելի է համարել գործադիրի հանրային հենարանը։ Բայց ամբողջ խնդիրն այն է,  որ նմանատիպ  շերտն ամենադոնդողատիպ և իր մեջ որևէ հանրային էներգետիկա չունեցող մարդկանցով է լցված և դա չի կարելի հանրային հենարան անվանել։ Փոխարենը գործադիր իշխանության «իդիոլոգները» վաստակում են ամենաակտիվ և սեփական շահի հստակ գիտակցումով խմբերի թշնամանքը։ Ընդ որում, թշնամաբար են տրամադրվում ոչ միայն թիրախ հայտարարված խոշորները, այլև միջազգային կենտրոնների մեծ սիրահարների ձեռքին գործիքի վերածված փոքրերն ու միջինները։

 Կառավարությունը շատ լուրջ մեթոդոլոգիական սխալ է թույլ տվել։ Չի կարելի բիզնեսի որևէ շերտի թիրախ հայտարարել։ Ընդհակառակը՝ պետք է աջակցել նրանց կամ էլ չխանգարել։ Ինչ վերաբերում է հարկերին, ապա դրանց դրույքաչափերը պետք է վերանայել  և հետագայում անցնել պրոգրեսիվ հարկման համակարգի։ Ես համոզված եմ, որ եթե հարկերը լինեն փոխադարձաբար ընդունելի, ապա գործարարների մեծ մասը չի փորձի խուսափել վճարումներից, և եթե պետական չինովնիկն ունենա արժանապատիվ ապրելու օրինական հնարավորություն, ապա չի գնա «ձախ» եկամուտների ետևից։ Կաշառակերությունն,  իհարկե,  չի վերանա, բայց կաշառքի գինը կբարձրանա՝ ինչը զգալիորեն կկրճատի կաշառք  տվողների և վերցնողների քանակը։

Սակայն կուզենայի մի  բան հստակ հասկանայինք, որ կոռուպցիան և կաշառակերությունը մեր պետության թիվ մեկ թշնամին չեն, ինչպես որ կառավարության նիստերի մեկնարկային «պիծիմինուտկաների» ժամանակ, դասախոսությունների տեսքով, ներկայացվում էր մեզ։ Կոռուպցիան՝ դա հետևանք է, իսկ հետևանքը չի կարող արմատական խնդիր դիտարկվել։ Կարևորը պատճառները վերացնելն է։

             Կոռուպցիայի պատճառը դա անկատար օրենսդրությունն է, տնտեսական արատավոր խաղի կանոնները և պետության՝ բիզնեսին միջամտելու ձևերը։ Ահա այս կետերը պետք է թիրախ հայտարարվեն  և լուծվեն։ Ու որքան պետությունն, ի դեմս իշխանության, քիչ մխրճվի տնտեսության մեջ՝ այնքան լավ։

             Հայաստանում ձևավորված բիզնեսի 3 պայմանական շերտերի միջև պետք է առավելագույն շարժունակություն ապահովել։ Իսկ այժմ հետևյալ պատկերն է. փոքր և միջին բիզնեսի շերտերի միջև կա ազատ տեղաշարժ։ Այսինքն տնտեսվարողը փոքրից կարող է դառնալ միջին և հակառակը։ Այլ բան է խոշորի տարածքը։ Միջինից դեպի խաշոր տանող ճանապարհը փակ է՝ «վերելակով» չես բարձրանա կամ գլխիդ վերևի «պատը» չես քանդի։ Հենց դա էլ կոչվում է փակ-կլանաօլիգարխիկ համակարգ։ Տնտեսական բարեփոխումներն ուրեմն ուղղված պետք է լինեն այդ «պատը» քանդելուն, որպեսզի միջին կամ ցածր «հարկից» մարդիկ, իրենց տաղանդի ու գործարար կարողության շնորհիվ,  կարողանան բարձրանալ  վերև։   

ՀՀ նախագահը խոսում է «չհասկացվածության պատի» մասին, բայց այն ինչ այսօր է արվում ՝ այդ «պատը» փլելու է մասշտաբներով թույլ և ներքևում գտնվող տնտեսվարողների վրա։ Իսկ եթե փոքր և միջինի վրա փլվի մեր տնտեսության «բետոնապատ առաստաղը», ապա դա նշանակում է, որ միաժամանակ «հատակը»  կգնա խոշորի ոտքերի տակից։ Արդյունքում՝ տուժելու են բոլորը և որպեսզի դա տեղի չունենա՝ նախ իշխանությունները պետք է հրաժարվեն իրենց՝ տնտեսությունը մեկի ձեռքում հավաքելու «գիգանտ» ծրագրերից, ինչպես նաև բիզնեսը պետք է շերտային  միասնություն ցուցաբերի և լրջորեն դիմադրի տնտեսական մոնոլիտ բուրգ կառուցողներին։

 Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը