Լրահոս

10.06.2011 16:44


Ողջիի համայնքապետը յուրացնո՞ւմ է գյուղացիների հողերը

Շիրակի մարզի Ողջի համայնքի բնակիչները պնդում են, որ գյուղապետ  Սարգիս Ավագյանը պաշտոնի չարաշահում է թույլ տվել և ապօրինաբար յուրացրել իրենց հողերը:

Ցանքատարածությունների սեփականատերերը նշում են, որ ունեն հողերի նկատմամբ սեփականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը, տարիներ շարունակ օգտագործել են այդ հողերը և պարտաճանաչ կերպով մուծել հարկերը: Սակայն այժմ գյուղապետը սեփականաշնորհել է գյուղացիների հողերը:

«Ես վեց հեկտար հողակտոր ունեմ, ապօրինի կերպով զավթել է, ինձ մի ուրիշ հատվածում է հող հատկացրել, որը, մեր տեղեկություններով, պատկանում է ամասիացիներին: Ասում է՝ այդ դաշտը քոնն է, հիմա մնացել ենք օդի մեջ»,- ասում է Ողջի գյուղի բնակիչ Լիլյա Քոչարյանը: Վերջինս նմանատիպ խնդրով միայնակ չէ գյուղում. երկու ընտանիք էլ են տուժել Սարգիս Ավագյանի գործունեությունից:

Լիլյա Քոչարյանը տեղեկացրել է, որ այդ գործով ինը դատական նիստ է տեղի ունեցել, և բոլոր դատավճիռները հօգուտ գյուղապետի են եղել: Ըստ գյուղացիների՝ գործը քննող դատավորը և Ողջիի համայնքապետ Սարգիս Ավագյանը խնամիական կապեր ունեն: Գյուղի տուժած բնակիչները դիմել են տարբեր ատյաններ, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրը դրական լուծում չի ստացել:

«Այս փաստի հետ կապված՝ բազմաթիվ անգամներ դիմել ենք նախագահին, ոստիկանապետին, 6-րդ վարչության պետին և ոչ մի արդյունքի չենք հասել»,- նշում է Սերյոժա Շախպազյանը, որը ևս հողակտոր է կորցրել:

Գյուղացիների հավաստմամբ՝ նույնիսկ Ողջիի բնակիչ չհամարվող Սարգիս Ավագյանի հողատարածքի չափը նման գործարքների շնորհիվ զգալիորեն աճել է.

«Արդարությունը որտե՞ղ է. ինքը Մոսկվա աշխատի, Ռուսաստանի քաղաքացի լինի, հսկայական հողեր ունենա, իսկ ես գյուղում ապրեմ ու հող չունենա՞մ, բա դա խի՞ղճ է: Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում»,- ասում է Սերյոժա Շախպազյանը:

Իսկ համայնքապետ Սարգիս Ավագյանը չի կարողանում հիմնավոր կերպով բացատրություն տալ՝ ինչպես պատահեց, որ 13 տարի Շախպազյանների սեփականություն հանդիսացող հողը հանկարծ դարձավ իր սեփականությունը: Վերջինս նույնիսկ հողակտորի նկատմամբ սեփականությունը հաստատող վկայական չի կարողանում ներկայացնել և հավաստիացնում է, որ Սերյոժա Շախպազյանն ինքնակամ է հողերից հրաժարվել։

«Երկու տարի, թե չորս տարի օգտագործելուց հետո ասաց՝ հողակտորս քարքարոտ է, կարգերին չի համապատասխանում, և խնդրում եմ, հարգելի՛ գյուղապետ, հանձնաժողովով Ձեր հողը հե՛տ վերցրեք»,- ասել է Ողջիի համայնքապետ Սարգիս Ավագյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը