Լրահոս

20.06.2011 09:44


Հայ երիտասարդները նշում են փախստականների միրջազգային օրը

2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր: Այս տարի նաև նշվում է 1951 թվականին ընդունված փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 60 ամյակը: Հունիսի 20-ին Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվում են տասնյակ միջոցառումներ` նշելու Փախստականների միջազգային օրը: Եվրոպայի խոշորագույն քաղաքներում լայնածավալ արշավներ է կազմակերպել  UNITED For Intercultural Action եվրոպական կազմակերպությունների ցանցը, որը կազմված է շուրջ 550 եվրոպական կազմակերպություններից:

Այս տարի Երևանում միջոցառումների շարք է նախաձեռնել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» կազմակերպությունը` համագործակցելով UNITED For Intercultural Action եվրոպական ցանցի հետ: Ցանցի տվյալներով 1993 թվականից ի վեր զոհվել են 15.551 փախստականներ: Միայն 2011-ին արդեն հայտնի է 1478 զոհերի մասին:

Հունիսի 20-ին «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» կազմակերպությունը կիրականացնի մի շարք միջոցառումներ` ներգրավելով ակտիվ հայ երիտասարդների: Օրվա ընթացքում կազմակերպությունը կիրականացնի ֆիլմ-դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար, ինչպես նաև քայլերթ և իրազեկման գործողություն` ներգրավելով անցորդներին և հատկապես երիտասարդներին:

Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել հայ երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուշադրությունը սևեռել ժամանակակից աշխարհի ամենասուր և կարևոր խնդիրներից մեկին:

Այս խորագրի վերջին նյութերը