Լրահոս

20.06.2011 11:54


ՀՀ օրենսդությունը տարածվո՞ւմ է Ֆրանսիական համալսարանի վրա

Ձեզ ենք ներկայացնում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակը ՀՀ ԿԳ նախարարին` Ֆրանսիական համալսարանի  դասախոսների բաց նամակի հետքերով.

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի եւ ռեկտորատի գործառույթների իրականացմամբ»:

2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվական միջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միեւնույն ժամանակ համալսարանի կայքում հանդիպեցի մի շարք փաստաթղթերի, որտեղ հիշյալ մարմնի առկայությունը նշված էր, իսկ կազմակերպության կառուցվածքի սխեմայում գիտխորհուրդը նշված էր որպես ոչ մշտական կառույց:

Արդյո՞ք Ֆրանսիական համալսարանում փաստացի գործում են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մարմինները եւ որքանով է նրանց գործունեությունը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` «բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում»: Իսկ նույնի 7-րդ մասի համաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր»: Նշվածից բխում է, որ ամեն 5 տարին մեկ պետք է անցկացվի Համալսարանի ռեկտորի նոր ընտրություն, իսկ նոր ռեկտորը իրականացնի պռորեկտորների նշանակում, նրանց հետ կնքի աշխատանքային պայմանագիր: Այսինքն ամեն 5 տարին մեկ պետք է կնքել նոր պայմանագիր պռորեկտորի հետ` աշխատանքի ներգրավելով նոր պռորեկտոր կամ երկարացնելով աշխատանքային հարաբերությունները հին պրոռեկտորի հետ:

Նույն աղբյուրից տեղեկացել եմ, որ Համալսարանի պրոռեկտոր պարոն Արայիկ Նավոյանը իրականացնում է պրոռեկտորի անժամկետ գործառույթներ, ինչպես նաեւ նշանակվել է հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչը արդեն իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է»:

Այս խորագրի վերջին նյութերը