Քաղաքական

17.04.2009 21:25


Վարդան Օսկանյան. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այստեղ առկա է»

Վարդան Օսկանյան. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այստեղ առկա է»

 

Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը, իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսին, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, որ հարաբերությունները երկու երկրների միջև մինչ այսօր եղել են համահունչ։ Սակայն վերջերս, մի կողմից Էրդողանի կոշտ հայտարարությունները, մյուս կողմից՝ հայկական կողմի առաջընթաց արձանագրելու մասին հայտարարությունները նախարարի մոտ շփոթմունք են առաջացրել։

- Երբ այս երկու հայտարարությունները դնում ենք կողք կողքի, հասկանալի է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այստեղ առկա է,- ասել է Վարդան Օսկանյանը։

Նա նշել է, որ իր համար սահմանների բացումը առաջնային խնդիրներից մեկն է, և որ դրական և բացասական հետևանքներ իհարկե կլինեն,  սակայն մեծ հաշվով կգերիշխի դրականը։

Հայ-թուրքական բանակցությունների տարբերությունն իր ժամանկահատվածի և այսօրվա միջև Վ.Օսկանյանը տեսնում է հատկապես մոտեցումների մեջ.

-Այն ժամանակ հրապարակային չէր, բայց բովանդակությունը գրեթե նույնն էր, այսօր՝ բովանդակությունը պահելով հրապարակային է դարձել։ Հրապարակային դարձնելու դեպքում Թուրքիան միշտ դրանից օգտվում է։ Ժամանակը այս երկխոսության ընթացքում  հօգուտ Հայաստանի չի աշխատում։ Հայկական կողմը թուրքերի առջև պետք է դնի հստակ ժամկետներ՝ եթե այսինչ օրը, այսինչ ժամին ստորագրում ենք և սահմանը բացվում է, լավ, եթե ոչ՝ եկեք այդ օրվանից ընդհատենք բանակցությունները։ Այսպես թողնել չի կարելի,- կարծում է նախկին արտգործնախարարը։

Նման պարագայում, Վ.Օսկանյանի կարծիքով, միջազգային հանրության մոտ կարծիք  է ստեղծվում, թե թուրքերը հայերի հետ ամեն ինչ համաձայնեցրել են, մնում է միայն Ղարաբաղի հարցը, ինչի պատճառով ճնշումը Հայաստանի վրա կարող է սկսվել Ղարաբաղի հարցով։

Վարդան Օսկանյանը ողջունել է իշխանափոխությունից հետո նոր, նախաձեռնողական քաղաքականությունը, նշելով սակայն, որ «նախաձեռնող պետք է լինել ճիշտ պահին»։ Նախարարը փաստել է, որ նախկինում Թուրքիան Ղարաբաղյան խնդրի մասին խոսելու իրավունք չուներ, այնինչ այսօր այդպես չէ, «արդյո՞ք նման փոփոխությունը մեր օգտին կլինի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը»։

-Կարծում եմ, այստեղ հայկական կողմի քաղաքականության վերանայման կարիք կա, դա նախագահի լիազորությունն է։ Մենք մեր դիրքորոշումներում պետք է հստակ լինենք։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է լինեն կոնֆիդենցիալ,- ասել է նա։

Վ.Օսկանյանն համոզված է, որ ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը փորձառու դիվանագետ է, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն էլ տեղյակ է ամեն ինչից, և ինքն ուզում է հավատալ, որ «իրենք ինչ-որ բան գիտեն, ինչը մենք չգիտենք, այդ իսկ պատճառով պետք է սպասել և եզրակացություններ անել վերջնական արդյունքներից»։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու իր դերակատարությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին, բացի գիրք գրելուց, Վարդան Օսկանյանը պատասխանել է, որ ինքն առայժմ կենտրոնացած է «Սիվիլիթասի» աշխատանքների վրա, և կան բազմաթիվ ծրագրեր։ Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին, ապա նա մասնակցության ցանկություն «չի ունեցել և չի էլ ունենա, անգամ, եթե անհատ քաղաքացու մասնակցությունն ընտրություններին օրենքը թույլատրեր»։

Նա ցավով է նշել, որ ժողովրդավարացման գործընթացների առումով, հատկապես «մարտիմեկյան» դեպքերից հետո, Հայաստանը հետընթաց է ապրել, ինչը նշվել է նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։

Բեգլարյան Արփի

 

Այս խորագրի վերջին նյութերը