Մեկնաբանություն

22.06.2011 11:25


«Գազի» Կարենի «overdrive»–ը

«Գազի» Կարենի «overdrive»–ը

Երբ «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում իր հարյուրօրյակը նշելիս հայտարարեց, թե  «drive» է զգում նոր կարգավիճակում՝ ոմանց թվաց, թե Կարապետյանն իրեն ուզում է ներկայացնել որպես ռոքի սիրահար և այդպիսով համապատասխան իմիջ ձևավորել։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «գազի» Կարենը «drive» է զգում ոչ թե ռոքային ռիթմերի և էլեկտորկիթառի իմպրովիզացիաների հետ նույնացնելով որոշումների կայացումը, այլ լրիվ ուրիշ պատճաով։

Նախագահականի նշանակմամբ քաղաքապետ դարձած Կարապետյանը «drive», ես կասեի նույնիսկ` «overdrive» է զգում, քանի որ մայրաքաղաքը հայտնվել է իր ձեռքում և կարելի է դրանից մի մեծ «Հայռուսգազարդ» ստանալ, այսինքն՝ մի լավ փող քամել Երևանից ու երևանցիներից։ Եվ այդպես էլ վարվում է Կարեն Կարապետյանը։ «Հայռուսգազարդում» սերտած փողաքամիչ մեթոդները կիրառելով Երևանում՝ հիմա նա ամեն տեղ «օդից» փող է ուզում բռնել։

«Հայռուսգազարդի» համը, երևի, Կարապետյանի բերանն է մնացել և նա սկսել է փող կլպելու տարբեր ճանապարհներ մտածել։ Ու քանի որ նախագահականից նրան քաղաքապետ են նշանակել, որպեսզի Կարապետյանը որոշումներ կայացնելիս ոչ թե իր նախորդի պես  ինքնուրույն լինի, այլ ամեն մի հարցով (հատկապես փողի հետ կապված հարցերով) ճշտվի Բաղրանյան 26–ի հետ, ուստի՝ «դռայվերին» մնացել է չունևոր զանգվածից փող «կպցնելու» տարբերակը։

Երեկվանից հայտնի դարձավ, որ մետրոն թանկանալու է երկու անգամ՝ դառնալով 100 դրամ։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի սիրած կադրերի իրականացրած «բարեփոխումները» վերաբերում են միայն թանկացումներին, Տիգրան Սարգսյանի նախաձեռնած հարկային բեռի ավելացումներին և քաղաքացիներին մինչև վերջ կլպելուն։ Սրանք այլ բան չեն կարող անել, քան քաղաքացիներին, բարեշրջումների անվան տակ, ռեկետի ենթարկելը։

«Facebook» սոցիալական ցանցում արդեն «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» անունով խումբ է ստեղծվել, որին այս հոդվածը գրելու պահին անդամակցում է արդեն 2168 մարդ։ Բայց դա, ամենայն հավանականությամբ, որևէ կերպ չի ազդի Կարեն Կարապետյանի վրա, ով հիմա, երևի, «drive», ես կասեի՝ «overdrive» է զգում՝ մետրոյով ուղևորափոխադրումների գնի թանկացումից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը