Խմբագրական

18.04.2009 12:07


Ընթացիկ հարցեր

Ընթացիկ հարցեր

Հիմա իշխանություն լինելը,  կարծես, մոդայիկ չէ։ Ավելի մոդայիկ է՝ իշխանության մաս կազմելը, բայց իշխանության անունից հանդես չգալը։ Այդ առումով՝ երկրում անիշխանություն է։

             Կարելի է ասել,  որ  ՀՀ նախագահը մենակ է մնացել։ Չհաշված իր նեղ ընկերական ու բարեկամական շրջապատը՝ Սերժ Սարգսյանը լրիվ մենակ է։

             Դատեք ինքներդ. «7 օրի» (ենթադրաբար՝ նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները) լրագրողները հաճախ են փորձում իշխանության մարդկանցից՝ կլինի դա պատգամավոր, անմանդատ քաղաքական գործիչ կամ պոտենցիալ պաշտոնավոր (որպես կանոն սրանք խորհրդականի կամ «զամմինիստրի» հովերով են լինում), իշխանության մասին դրական կարծիք լսել որևէ հարցի կապակցությամբ, որպեսզի այդ կարծիքը ներկայացվի բացասականի հետ միասին ու ընթերցողը եզրակացություններ անի  և պարզվում է, որ դա գրեթե անհնար է։

             Այսօր մեծ դժվարությամբ մարդ կգտնես, որ Սերժ Սարգսյանի քայլերը դրական լույսի ներքո ներկայացնի կամ վարչապետի  գործողությունները պաշտպանի։ Խոսքս մի շարք պաշտոնյաների և խորհրդարանական կոալիցիան ներկայացնող դեմքերի (այդ թվում՝ ՀՀԿ-ի) մեծամասնությանն է վերաբերում, թե չէ «մտավորականների» ու արտախորհրդարանական ուժերի մի մեծ «բրիգադ» կա, ովքեր պատրաստ են «օրվա կուրսով» ինքնամոռաց գովել իշխանությանը. երեկ   նրանք քիրվայությունն էին դարձրել ազգային գաղափարախոսություն, իսկ հիմա, տեսնելով, որ քիրվայությունն իր տեղը զիջում է «մենք ենք, մեր սարերը» բանաձևին, դարձել են թունդ հայրենասեր։ Իսկ նրանք, ովքեր «ի պաշտոնե» նշանակված են իշխանության «շտատնի» փառաբանողներ (3-4 հոգի)՝ այնքան են կանխատեսելի ու ձանձրալի իրենց խոսքում, որ կարելի է նույնիսկ մեկնաբանություն կամ հարցազրույց չվերցնել նրանցից։ Լրագրողները նախապես կարող են տեքստը գրել այդ մարդկանց փոխարեն և տպագրել։

            Մեր կայքէջի «Կարծիք» բաժինն ի սկզբանե նախատեսված է տարբեր հայացքների տեր մարդկանց հոդվածների համար։ Որևէ սահմանափակում չկա։ Ցանկացողները, եթե ասելիք ունեն, կարող են գրել և օգտագործել մեր ռեսուրսը՝ իրենց գաղափարները և մտքերը տարածելու համար։ Եվ  պատկերացրեք իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չի ցանկանում գրել։ Շատերին աձամբ եմ դիմել և ստացել հետևյալ պատասխանը. «Ի՞նչ գրենք, գրելու բան չկա», «Իրանց  (ի նկատի ունի Ս.Սարգսյանին և ընկ.-Ա. Թ.) հետ կապ չունենք», «Գիտեք մեզ դու՞ր  է գալիս էս ամեն ինչը», «Թող իրենք (մեկ ուրիշն է  ակնարկում  Ս.Սարգսյանին և ընկ.-Ա.Թ.)  գրեն, մենք ինչու՞ դեմքներս փչացնենք» և այլն։ Կամ էլ ասում են, որ կգրեն և անհետանում են՝ ինչպես հայտնի հայ գրողը։

            Հանուն արդարության նշեմ, որ նույն խնդիրներն են առաջանում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական ներկայացուցիչների հետ, բայց այն տարբերությամբ, որ առաջին նախագահի թիմակիցները ոչ թե «տակից» քննադատում են Տեր-Պետրոսյանին ու չեն ուզում «թաթախվել», այլ ուրիշ պատճառաբանությամբ չեն գրում. «Ժամանակ չկա», «Ավելի հրատապ գործերով ենք զբաղված», «Մեզ հալածում են, իսկ դուք առաջարկում եք հոդված գրել», «Հոդված գրելով չէ՝ պետք է պայքարել» և այլն։

             Ինձ համար և՛ իշխանության, և՛ ընդդիմության նմանատիպ պահվածքը զարմանալի է։ «Իշխանական» կողմի վարքագիծը ինչ որ տեղ հասկանալի է. նրանց տարբեր թևերի մեջ գզվռտոց կա ու ոչ մեկը չի ուզում  իր վրա վերցնել երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, մանավանդ որ Սերժ Սարգսյանը պետական համակարգի համար չի ապահովում վստահություն և որոշակիություն։ Եթե նախագահն ու վարչապետը ուզում են բոլորին բացասական կերպարով ներկայացնել և, միևնույն ժամանակ, հասարակության առջև հանդես գալ որպես միակ առաջադեմ ու «էս ծանր ժառանգության տակ մնացած դեմքեր» ու այդ կերպ հանրային լեգիտիմություն ձեռքբերել՝ ուրեմն պիտի պատրաստ լինեն իրենց «թիմակիցների» կողմից համարժեք պատասխանի։

             Ընդդիմության դեպքում, հանրությանը «մեսիջներ» ուղարկելու լրացուցիչ տարածք չօգտագործելը, լրիվ անհասկանալի է։ Նրանք անընդհատ  բողոքում են, որ չեն կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ, քանի որ հեռուստաեթերը փակ է։ Համաձայն եմ։ Բայց եթե ասելիք կա, ապա կարելի  օգտագործել նաև ինտերնետի հնարավորությունը։

            Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Եթե  նկատել եք՝  մեր քաղաքական գործիչները հիմնականում «ասուլիսային» ու «հարցազրուցային»  են։ Շատ պրակտիկ մոտեցում է, եթե նաև հաշվի առնենք, որ ազգովի  քիչ ենք  կարդում։

Այս խորագրի վերջին նյութերը