Հարցազրույց

27.08.2021 09:05


«Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Լուսինե Ավետյանն ասաց՝ բա գիտեիք՝ ես պետք է գնամ, Կարիճ Լիլոների հետ քրեակատարողական հիմնարկում նստե՞մ». Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)

«Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Լուսինե Ավետյանն ասաց՝ բա գիտեիք՝ ես պետք է գնամ, Կարիճ Լիլոների հետ քրեակատարողական հիմնարկում նստե՞մ». Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց, որ ինչպես իր ձեռքով պրոֆեսորին տարել ու ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, այնպես էլ, վստահ է, իր ձեռքով շատ շուտով նաև ազատելու է:

«Ի սկզբանե նշել ենք, որ Արմեն Չարչյանի, Իրինա Յոլյանի, ինչպես նաև Առուշ Առուշանյանի գործերը, որոնց պաշտպանությունն իրականացնում եմ ես, բացառապես ունեն քաղաքական երանգներ»,-ասաց պաշտպանը:

Այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը, ըստ որի՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխվել էր գրավով, Էրիկ Ալեքսանյանն անվանեց խայտառակություն:

«Արմեն Չարչյանը չէր խուսափել քննությունից, ուներ նոր կարգավիճակ, ԱԺ պատգամավոր էր հանդիսանում, հաճախում էր իր աշխատանքի վայր, որևէ գործողություն չէր գործադրում վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելու, որևէ մեկի վրա չէր ազդում, ավելին, առաջին ատյանի որոշման կայացման պահին նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը չէր, հետևաբար՝ հասկանալի չէր, թե ինչ հիմքով է Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել այդ որոշումը»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ որոշումն իրենք բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, բայց մինչ այդ միջնորդություն են ներկայացրել՝ հրատապ նիստ հրավիրելու և նոր գրավի միջնորդություն քննարկելու համար:

Խոսելով այն մասին, թե ինչպես Վերաքննիչ քրեական դատարանը, անտեսելով Սահմանադրության 96-րդ հոդվածի պահանջը, այն է՝ պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել, եթե չկա ԱԺ համաձայնությունը, բավարարել է դատախազության բողոքը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը նեղ է մեկնաբանել «քրեական հետապնդում» հասկացությունը:

Իսկ թե ինչու գլխավոր դատախազը միջնորդությամբ չի մտնում ԱԺ՝ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու, Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ հարցի հասցեատերը Արթուր Դավթյանն է:

«Ես կարող եմ ենթադրել՝ քանի որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ մարդիկ, նաև, ինչո՞ւ չէ, Արամ Վարդևանյանը, ով պրոֆեսիոնալ իրավաբան է ու նաև փաստաբան է եղել, դատախազության խուսափողական գործողությունները պայմանավորված են նրանով, որ միգուցե լինեն հարցեր, որոնց պատասխաններն իրո՞ք չկան: Ես հավատացնում եմ, որ Արամ Վարդևանյանը կարող է տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանը գլխավոր դատախազը միգուցե չունենա»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործին՝ պաշտպանն ասաց, որ մեղադրանքի ողջ բովանդակությունը ենթադրյալ ընտրակաշառքն է, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:

«Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքը, ով հունիսի 7-ին 2 անգամ տվել է ցուցմունք, որով հերքել է Առուշ Առուշանյանի մեղսակցությունն իրեն վերագրվող արարքներին, ասել, որ տրված օգնությունները «Հայաստան» դաշինքի քարոզարշավին մասնակցության կամ նրանց օգտին քվեարկելու համար չեն տրված: Եվ միայն այն բանից հետո, երբ հաջորդ օրը Լուսինե Ավետյանը կալանավորվում է, նա տալիս է լրացուցիչ, Առուշանյանին հանցանքի մեջ մեղադրող ցուցմունքներ: Նույնը կրնում է ամսի 12-ին: Երբ քննիչը հարցնում է՝ ինչո՞ւ է երկու անգամ այլ ցուցմունք տվել, նա ֆանտաստիկ պատասխան է տալիս՝ եղել եմ վատառողջ, այնինչ այդ ցուցմունքներից որևէ մեկը առողջական վիճակի վատթարացմամբ չեն ընդհատվել»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանի տեղեկացմամբ՝ Առուշ Առուշանյանի ու Լուսինե Ավետյանի միջև եղել է առերես հարցաքննություն:

«Լուսինե Ավետյանը փաստացի գրավով ազատ արձակվեց, երբ իր մեղադրական ցուցմունքը պնդեց Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ այստեղ գործել է «ցուցմունք՝ ազատության դիմաց» սկզբունքը»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը վստահ է՝ Առուշանյանին չեզոքացրել են Սյունիքի հարցի հետ կապված:

«Նա իր համայնքում վայելում է մեծ հարգանք, շատ լուրջ, սկզբունքային անձնավորություն է և ոչինչ հենց այնպես չի ասում: Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչու էր պետք Առուշանյանին զրկել ազատությունից, բայց եթե մտածում են՝ դրանով կկարողանան կոտրել նրան, ուրեմն նրան չեն ճանաչում»,-ասաց պաշտպանը:

Մի ուշագրավ տեղեկություն՝ կապված Առուշանյանի և Լուսինե Ավետյանի առերես հարցաքննության հետ, Էրիկ Ալեքսանյանը նույնպես հայտնեց: Մեզ հետաքրքիր էր՝ ինչ է ասել Գորիսի համայնքապետը Լուսինե Ավետյանին:

«Առուշանյանը հերքեց առաջադրված մեղադրանքը, հրաժարվեց ցուցմունք տալ՝ այս ամենը գնահատելով՝ որպես քաղաքական հետապնդում, և Լուսինե Ավետյանին ոչինչ չասաց: Ավետյանն ընդամենը մի բան ասաց՝ բա գիտեիք՝ ես պետք է գնամ, Կարիճ Լիլոների հետ քրեակատարողական հիմնարկում նստե՞մ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը