Հարցազրույց

29.08.2021 09:46


«Երբ ես էի 5 տարեկան՝ Սումգայիթում հայերին էին կոտորում, հղի կանանց փորի մեջ ցից էին մտցնում…». Ալվինա Աղաբաբյանը՝ Վահան Քերոբյանին (տեսանյութ)

«Երբ ես էի 5 տարեկան՝ Սումգայիթում հայերին էին կոտորում, հղի կանանց փորի մեջ ցից էին մտցնում…». Ալվինա Աղաբաբյանը՝ Վահան Քերոբյանին (տեսանյութ)

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները նշելը, իսկ հետո նրա թիմի կողմից մատնանշելը, թե Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել, փաստացի նշանակում է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն այդ տարածքներն ու սահմանն ադրբեջանական են ճանաչել:

«Փաստացի, նրանք անցկացրին սահմանագծում և սահմանազատում, և դրանք համարեցին ադրբեջանական տարածքներ, ադրբեջանական հողեր: Այն, որ այդ ճանապարհը ցանկացած պահի նորից կարող է փակվել, թափարգելները, որ դրվել են, հավանական է, որ այդ հատվածներում ուղեկալներ դնեն, և Գորիսից Որոտան կամ Կապան մեկնելիս ստիպված կլինենք երկու տեղ կանգնել ադրբեջանական ուղեկալների մոտ, ցույց տանք մեր փաստաթղթերը, նրանք զննում կատարեն մեր մեքենաներում, թույլ տան կամ թույլ չտան, և նույնը՝ բեռնատարների հետ կապված»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ երեկոյան տեղեկացրել էր, որ ժամը 20:00-ի դրությամբ վերականգնվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը. «Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները»:

Ալվինա Աղաբաբյանի խոսքով՝ Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ճանապարհի այդ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայման փաստը ևս ավազի վրա է կառուցված.

«Եթե կհիշեք՝ այս տարվա փետրվարին շատ պատահական բացահայտվեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հուշագիր էր ստորագրվել, որի 6 կետը մենք իմացանք, որը վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներին, ըստ դրա՝ պետք է 5 տարի ճանապարհը շահագործվեր, անվտանգ պետք է երթևեկեին, բայց մենք տեսանք, որ դա չաշխատեց այն դեպքում, երբ ունեինք ստորագրված փաստաթուղթ: Այս դեպքում այդ հայտարարությունը, որ ռուս սահմանապահները պետք է վերահսկեն, ոչ մի երաշխիք այս պարագայում չի տալիս: Հիմա, եթե ադրբեջանցիները դա մարսեն, ուղեկալներն էլ դնեն, հաջորդը լինելու է Կապան-Ճակատեն հատվածը: Այսինքն՝ իրենք այդտեղ էլ կարող են փակել ճանապարհը, երկու-երեք օր փակած պահել, արդյունքում՝ մեր իշխանությունները գուցե Կապանի տեղն էլ ադրբեջանական Կաֆան անվանումը կօգտագործեն, կճանաչեն Ադրբեջանի տարածք, Ադրբեջանը գուցե ինչ-որ ժամանակահատված նորից կբացի: Ցավալին այն է, որ Ադրբեջանը ցանկացած բան այս պահին այդ ճանապարհի հետ կարող է անել, ուղղակի կարող է ապամոնտաժել, քանդել: Ստացվում է, որ մեր միջպետական երկու ճանապարհներից մեկը մենք կորցնելու ենք: Այն գրունտային ճանապարհը, որը մատնանշեց վարչապետը, կներեք, միջպետական ճանապարհ չէ»:

Նա ընդգծեց՝ եթե Տավուշից գյուղեր և հայկական տարածքներ նվիրվեն Ադրբեջանին, որի մասին իշխանություններն ակնարկում են, կկորցնենք նաև մեր երկրորդ միջպետական ճանապարհը:

«Փաստացի, մենք դեպի Իրան գնացող ճանապարհը չենք վերահսկում, եթե կորցնում ենք դեպի Վրաստան գնացող ճանապարհն էլ, ստացվում է՝ ոչ թե ապաշրջափակում ենք ունենում, ոչ թե խաղաղության դարաշրջան ենք ունենում, այլ ունենում ենք կատարյալ շրջափակում: Ստացվում է, որ Ադրբեջանը, երբ իրեն հարմար է, փակում է ճանապարհը, երբ պահանջը կատարվում է, իքս ժամանակով թույլ է տալիս երթևեկել»,-ընդգծեց Ալվինա Աղաբաբյանը:

Փորձագետը տեղյակ չէ, թե Թուրքիայից ինչ դրական ազդակներ է ստացել Նիկոլ Փաշինյանը. «Մեր տարածաշրջանում նման հարևանների դեպքում, երբ նրանք պետական մակարդակով բացահայտ հակահայկականություն են քարոզում իրենց երկրներում, խաղաղությունը չեն հաստատում, պարտադրում են: Դրա համար պետք է ունենանք ուժեղ բանակ, կարողանանք վերահսկել մեր սահմանները, ցանկացած ոտնձգության ժամանակ կարողանանք նրանց հետ մղել: Այսօր, ցավոք, մեզ են պարտադրում, մեզ են ստիպում, դիմադրում և հակադարձում մեր կողմից չկա, ինչը շատ լավ ազդակ է դառնում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար՝ էլ ավելի լկտի պահվածք դրսևորելու մեր հանդեպ: Ի՞նչ դրական ազդակի մասին է խոսքը»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հիշել էր, որ երբ 5 տարեկան էր ու գնում էր շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում: Ալվինա Աղաբաբյանը նկատեց, որ Վահան Քերոբյանը միշտ աչքի է ընկել նման աբսուրդային հայտարարություններով.

«Այդ հայ-ադրբեջանական քիրվայության, հարևանության, բարեկամության մասին քարոզչական թեզերը ադրբեջանական զինանոցում վաղուց են եղել, և նրանք դա միշտ փորձել են մեր մեդիադաշտ բերել: Բայց եթե նախկինում դա արվել է ինչ-ինչ դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով, որի դեպքում միշտ հակադարձում եղել է, այս պարագայում այդ քարոզչական թեզերը պետական մակարդակով են շրջանառության մեջ դրվում: Կարծես ժողովրդին համոզելու, չեղած մի բան վերակենդանացնելու, մեր ուղեղներում ներդնելու, որ թշնամու հետ մենք կարող ենք եղբայրություն անել: Նույն Վահան Քերոբյանին կարող եմ շատ հակադարձումներ բերել:

Օրինակ՝ 55 տարի առաջ հենց այս օրերին Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի տարածքում երեք ադրբեջանցիներ առևանգել էին 8-ամյա Նելսոն Մովսիսյանին, և այդ Արշադ Մահմեդովը, ով այդ երեխայի հոր հետ անգամ մտերմություն է արել, եկել իրենց տուն, միասին հաց են կերել, այդ մարդը այլ տղամարդկանց հետ կտրել են այդ երեխայի վզը, մեխ են մխել երեխայի գլխի մեջ, մարմինը խոշտանգել են, հետո այդ մարմինը թաքցրել են աղբի մեջ: Այդ բարեկամության շրջանը, որ փորձում են վերհուշի տեսքով բերել, իրականում չի եղել: ԽՍՀՄ 70-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միտումնավոր հակահայ քաղաքականություն է տարել՝ խորհրդային ինտերնացիոնալիզմի քողի տակ. Փաստը Նախիջևանի ամբողջական հայաթափումն է, Արցախից արցախցիների դուրսմղման հստակ ծրագիրն է:

Նույն Վահան Քերոբյանին կարող եմ ասել՝ երբ ես էի 5 տարեկան՝ Սումգայիթում հայերին էին կոտորում, հղի կանանց փորի մեջ ցից էին մտցնում, տարեց կանանց վառում էին: Երբ իմ քույրիկն էր 5 տարեկան՝ Բաքվում կոտորում էին հայերին: Երբ իմ տղան էր 5 տարեկան՝ 2016թ. պատերազմն էին սանձազերծում, Քյարամ Սլոյանի վիզն էին կտրում, Հայկ Թորոսյանի վիզն էին կտրում: Երբ իմ քույրիկի աղջիկն էր 5 տարեկան՝ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, երբ մենք կորցրինք 5-7 հազար տղաների, 10 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող ունեցանք, կորցրինք Արցախի մեծագույն մասը…»:

Այս խորագրի վերջին նյութերը