Մեկնաբանություն

18.04.2009 14:40


Գանձագողություն հայկական ձևով

Գանձագողություն  հայկական ձևով

Հայերս աշխարհի մյուս ժողովուրդներից էապես տարբերվում ենք «չեղած տեղից» ելքը գտնելու մի գերբնական ունակությամբ։ Գուցե նախկինում դա այնքան էլ արտահայտված չէր, բայց միայն այն հանգամանքը, որ դարեր շարունակ օտարի տիրապետության տակ գոյատևել ու մի բան էլ պետականություն ենք վերակերտել, արդեն լուրջ փաստարկ է։ Մի հանգամանք էլ կա, որ այսօրվա հային տարբերում է մյուս ազգերից. սեփական գրպանից գողություն անելու համարձակությունն ու չկարմրելու «գենետիկ» իմունիտետն է։ Բացատրեմ...

Ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին հարցրեք. գիտե՞ն արդյոք մի երթուղային տաքսու «գիծ», որը որևէ պատգամավորի, նախարարի կամ փոխնախարարի հովանավորության տակ չլինի, կա՞ մի էլիտար շինարարություն (այլ շինարարություն հիմա ուղղակի գոյություն չունի), որ նույնպես բարձրագույն պետական հովանավորչություն չունենա։ Հիմա խոստովանեք՝ չկա կամ չգիտեք այդպիսին։ Գնացինք առաջ. տեղյա՞կ եք, որ կառավարությունն ամեն նիստի ժամանակ է՛լ պարտքերի արտոնություններ, է՛լ պետական բանկային երաշխիքներ է տրամադրում «կառուցապատողներին» կամ նրանց «հավասարեցված» մյուս արտոնյալ բիզնեսմեններին։ Օրինակներ՝ որքան ուզեք. «Հարավկովկասյան երկաթուղիները» մեծաքանակ փոխադրումների համար սակագնային արտոնություններ են հայտարարում, որից կարող են օգտվել մեկ կամ երկու խոշոր բիզնեսմեն, տարիներ շարունակ պետական բյուջեից դոտացիաներ էին տրվում բնական գազի դիմաց, որից մեծապես օգտվում էին գրեթե նույն «կաստայի» բիզնեսմենները, մայրաքաղաքի «ամենայուղոտ կտորները» գերակա շահ հայտարարվեցին կրկին բացառապես նույն խմբի շահերի համար, թեև ձևակերպվում էին որպես պետական գերակայություններ, պետական պահուստները ոսկուց վերածվեցին դոլարի և մեջ-մեջ արվեցին «լողացնելուց առաջ» և այլն, և այլն... Կարիք կա՞  բացատրելու, որ դա ուղղակի քողարկված գանձագողություն կամ, որ նույնն է, սեփական պետության գրպանը մտնել է։ Գրպան, որի անձեռնամխելության և, դեռ մի բան էլ, պարունակության ավելացմանն են կոչված էլի նույն պաշտոնյաները։ Համոզված եմ, որ ոչ թե բացատրելու, այլ բացահայտելու, ապացուցելու և սանկցիաներ կիրառելու կարիք կա, եթե կիրառողներն էլ պետության գրպանից իրենց բաժինը չունեն։

Հիմա արդեն ինձ կհարցնեք, թե այդ շարքում ի՞նչ կապ ունեն երթուղայիններն ու «գենետիկ» իմունիտետը։ Ասեմ. հիշում եք չէ՞, մի քանի օր առաջ, երբ անհատ տաքսու վարորդները բողոքի ցույցեր էին անում, իսկ տաքսի ծառայությունները սպառնում էին բարձրացնել սակագները, ի հայտ եկավ ուղևորափոխադրողների մի հասարակական կազմակերպություն, որ հայտարարեց, թե երթուղայիններն էլ «չեն տեղավորվում ճգնածամի մեջ» և «ստիպված» են բարձրացնել սակագները,  բայց երթուղայինների տերերն այնքան «առաքինի են», որ դա չեն ուզում ճգնաժամի «տակ ընկած» ուղևորների հաշվին անել, փոխարենը պետությունից սակագնի դոտացիա են պահանջելու, այսինքն էլի մեր և ձեր հարկերի հաշվին։ Սա երթուղային տաքսիների մասով, իսկ հիմա «գենետիկ իմունիտետի» մասին։ Մեր գծատերերը մի ժամանակ գերշահույթներ էին ստանում չարտոնագրված մեքենաների շահագործմամբ, դրանք Հրազդանի ՊՇԷԿ-ի հաշվին էժան գազով շահագործելով, ուղևորներին պահածոյացված ձկնիկների պես իրար վրա «շարած» տեղափոխելով, իսկ գերշահույթները, նկատեք խնդրեմ, «ուժեղ ազգային տարադրամով էին»։ Հիմա շատ բան է փոխվել՝ գազը թանկացել է, դրամը լողում է, իսկ իրենց՝ դրանից ոչինչ։ Ախր մարդիկ սովոր են «իմն՝ ինձ, քոնը՝ կիսրար» ապրելու ձևին, որ գողանալ ու չկարմրելու ձեռքբերովիից «գենետիկ» իմունիտետի է վերածվել։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» լրատվավերլուծական կայքէջի խմբագիր

Հ.Գ. Չեմ զարմանա, որ շուտով երթուղայիններին պետական դոտացիա տրվի «Գազելներն» ու «Ռաֆերը» մի գույնով ներկելու համար, պետական բյուջեի ու ՀԲ հակաճգնաժամային գումարների հաշվին բնակարաններ գնվեն Հյուսիսային պողոտայի «էլիտար» շենքերում՝ հանուն պետական գերակա շահերի։ Սարերում հոտավետ բույսեր, ծաղիկներ հավաքելու ու թեյեր արտադրելու համար տվել են, չէ՞, Դավիթաշենի երկրորդ կամրջի փողերը տվեցին բակային լուսավորությանն ու քաղաքի աղբահանությանը, չէ՞։

 

Այս խորագրի վերջին նյութերը