Մեկնաբանություն

30.06.2011 00:42


Մի զրո պակասեց

Մի զրո պակասեց

Վերջին ամիսներին մի ավանդույթ էր ձևավորվել, համաձայն որի՝ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից մեկ կամ երկու օր առաջ Սերժ Սարգսյանն առիթ էր գտնում և լրագրողների միջոցով հեռակա «երկխոսում» իր «ընդդիմախոսների» հետ, ինչը հնարավորություն էր տալիս Լևոն Տեր–Պետրոսյանին հանրահավաքի ժամանակ հաճույքով մեջբերումներ անել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերից։ Կողմերն ուրախ էին և երջանիկ։

ՀԱԿ առաջնորդը փետրվար–ապրիլ ամիսներին կազմակերպած հանրահավաքներից ազատ ժամանակ նույնիսկ հայտարարեց, թե սա իր երազած պետությունն է, երբ իշխանությունն ու ընդդիմությունը բաց դիալոգի մեջ են միմյանց հետ։

Տեր–Պետրոսյանին, ակնհայտորեն, այդ դիալոգը «նագլի» «դզել» էր, ու նա ցանկանում էր, որ դա շարունակական լինի, ինչի դիմաց 15 կետանոց պահանջը փոխարինվեց 3 «պահանջով», ջրբաժանը փոխարինվեց «երկխոսության» կիսաբաց կամ կիսափակ դռնով։

Այդպիսով՝ «Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների» համագործակցության մոդելն սկսեց կյանքի կոչվել։

Տեր–Պետրոսյանն ուզում էր բաց դիալոգի միջոցով սողոսկել իշխանական կիսաբաց դռնից ներս, և այդ նպատակին հասնելու համար առևտրի առարկա դարձրեց հանրահավաքի մասնակիցների գլխաքանակը՝ ակնկալելով «Եղիազարի» դրական գնահատականը և գործարքի շարունակականությունը։

Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա նրան պետք էր, որ երկրում հեղափոխական ալիքը մարվի և իր աթոռն էլ պահպանվի։ Դրա դիմաց Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց կատարել ՀԱԿ–ի երեք «պահանջներն», ու գործարքը համարեց ավարտված։

Այսինքն՝ կարճաժամկետում Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի շահերը համընկնում էին, և նախագահն արձագանքեց Կոնգրեսին, իսկ այժմ իրավիճակը փոխվել է։

Հիմա, երբ Լևոնն այլևս վերածվել է Սարգսյանի թիկունքն ապահովող և «ռեալպոլիտիկ» խաղացող սուբյեկտի՝ հաճախորդի, Ս. Սարգսյանն անիմաստ է համարում դերասանություն անելն ու «բաց դիալոգ» բեմադրելը։ Պատահական չէ, որ Տեր–Պետրոսյանի առաջարկած պատվիրակությունների ձևաչափով արտահերթ ընտրությունների թեմայով քննարկում կազմակերպելը մերժելուց և ՀԱԿ պատվիրակությանը «դռնեդուռ» թափառելու տարբերակն առաջարկելուց հետո Սարգսյանը փոխեց Կոնգրեսի հանրահավաքներից առաջ ելույթ ունենալու իր «խասիաթը» և հունիսի 30–ի ՀԱԿ հանրահավաքից առաջ «լայաղ» չարեց արտահայտվել, այլ այդ գործը թողեց Արթուր Բաղդասարյանին՝ յուրօրինակ ձևով «փչացնելով» Տեր–Պետրոսյանին։ Դրանով Սարգսյանը Տեր–Պետրոսյանին, թերևս, հասկացրեց, որ, պատկերավոր ասած, «հիմնադիրի» գինը մի զրո ընկել է և եթե նա ուզում է շարունակել իր սիրած զբաղմունքը, այն է՝ ընդդիմադիր կոչված ուժի հանրահավաքում իշխանության ներկայացուցչի ասածներից մեջբերումներ անելը, ապա պետք է բավարարվի Արթուր Բաղդասարյանի՛ խոսքերն իր «փողոցային» լսարանին ներկայացնելով։

Իսկ ի՞նչ ասեց Բաղդասարյանը Հ1–ի եթերով և որո՞նք էին նրա շուրթերով Սերժ Սարգսյանի ՀԱԿ–ին փոխանցված մեսիջները (ոմանք սկսել են վատ ընկալել Սերժի ասածներն ու «թամամ» խոսք են ուզումԵվս մեկ անգամ հայտարարվեց, որ.

Արտահերթ ընտրությունների գաղափարն անընդունելի է,

– Պատվիրակություններով բանակցելն անընդունելի է,

– Տեր–Պետրոսյանի հետ իշխանությունը հրապարակավ (և ոչ միայն) «երկխոսում» է շատ վաղուց և դա է պատճառը, որ երկրում վերացել են նախկին ծայրահեղական կոչերը,

– Իշխանությունն իրեն ինքնավստահ է զգում և Տեր–Պետրոսյանին օգտագործելուց հետո չի պատրաստվում «նայնիմ–նայնիմ» խաղալ «արմատականների» հետ։

Ս.Սարգսյանի մոտեցումները ՀԱԿ–ին փոխանցելուց զատ, Արթուր Բաղդասարյանն առիթն օգտագործեց ու հանրայինի եթերով իր «մուռը» հանեց Տեր–Պետրոսյանից՝ նշելով, թե այսօր իշխանության հետ երկխոսության մեջ են մտել մարդիկ, ովքեր երեք տարի առաջ դատափետում էին իրեն՝ նույն բանն անելու համար։

Տեր–Պետրոսյանին «փչացնելու» ծրագրի շրջանակներում Բաղդասարյանը նաև հայտարարեց, թե ինքը 2008–ին Սերժի հետ «երկխոսության» գնաց, որպեսզի այդ քայլով նվազեցնի մարտի մեկի հնարավոր զոհերի քանակը, իսկ ահա Լևոնը հիմա «երկխոսության» է գնում տասը զոհերի առկայությամբ։ Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը Տեր–Պետրոսյանին «կծեց», թե էդ ու՞մ էիք ԱԽՔ ասում, դե հիմա եկեք տեսնեմ, թե ով է իրականում ԱԽՔ–ը։

Նկատենք, որ Բաղդասարյանը Տեր–Պետրոսյանին «փչացրեց» առանձնակի հաճույքով և քմծիծաղը դեմքին։ Տեսարանն «ունիկալ» էր, և հիշեցնում էր հարեմի կռիվ։ Ահա այդպիսի բաներ։

Այո՛, ծանր է հաճախորդների ճակատագիրը։ Է՛լ ավելի ծանր է «հիմնադիրի» կարգավիճակ ունեցող հաճախորդի ճակատագիրը. կոպիտ դար է, կոպիտ բարքեր...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը