Հարավային Կովկասում սկսվում է ռեգիոնալ կոալիցիաների ժամանակաշրջանը (տեսանյութ)
Մեր տարածաշրջանում աշխարհակարգ է փոխվել, սկսվում է ռեգիոնալ կոալիցիաների ժամանակաշրջանը, և այդ համատեքստում հատկապես փոքր պետությունները կորցնում են իրենց սուբյեկտայնությունը,Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։
Նրա կարծիքով` փոքր պետություններն առավելագույնը կարող են որդեգրել խաղի կանոններ, որոնք համընկնում են գերտերությունների նախաձեռնած խաղի կանոններին։ Նրա գնահատմամբ` Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն 44-օրյա պատերազմի արդյունքում զիջել ենք ունեցածի 75 տոկոսը և մեզ հետ նախկինի պես հաշվի չեն նստում։
«Եթե պատերազմական գործողություններ լինեն մեր տարածաշրջանում, ապա Հայաստանը կվերածվի պլացդարմի, ինչպես դա եղավ Սիրիայի պարագայում։ Այդուհանդերձ այս պահին ունենք ճիշտ քաղաքականություն վարելու հնարավորություն և կարող ենք ստեղծված վիճակից դուրս գալ շահեկան դիրքեր արձանագրելով։ Բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ ճշգրիտ դիվանագիտություն, իրատեսորեն գնահատել, թե ինչ է պետք Հայաստանին, գնալ ինքնազոհողության»,-նշեց վերլուծաբանը։
Հակոբյանի դիտարկմամբ` 2018 թվականի էյֆորիան անցել է, ժողովուրդը հասկացավ, որ Արցախը մեր պաշտպանության բանալին էր, առանց որի ինքը ոչինչ է։ Ըստ Հակոբյանի` թեև անցած երեսուն տարիների ընթացքում մենք մեր ամբողջ ինտելեկտը, մտավոր կարողությունը հակադրել ենք պետականաշինությանը, այդուհանդերձ այս ամենին կհաջորդի հոգևոր ու քաղաքական վերելքը։
Հարավային Կովկասում սկսվում է ռեգիոնալ կոալիցիաների ժամանակաշրջանը (տեսանյութ)