Աշխարհ

11.07.2011 10:45


«Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին»,–թուրք զինվորի վկայությունը

«Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին»,–թուրք զինվորի վկայությունը

Այս տարվա հուլիսի 6–ին Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտարարել էր, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները՝ Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին իրականացրած Հայոց ցեղասպանության մասին։ Մինչ այդ նա հրապարակել է հայկական ջարդերի ականատեսներից երկուսի վկայությունները։ Էրզրումցի ականատեսը պատմել է.

«Ես տեսել եմ, թե ինչպես էին կոտորում բազմաթիվ մանուկների: Տեսա՝ իմ զարմիկ Դոնոն տանից փախչում էր՝ իր երկու տարեկան երեխան ուսին: Սակայն նրան կրակոցով գետնին տապալեցին: Երկու զինվորներ մոտեցան և երեխայի աչքի առջև սպանեցին նրան։ Ես տեսա, թե ինչպես սպանեցին մեր քաղաքի հոգևոր առաջնորդին: Նախ հանեցին նրա աչքերը, պոկեցին մորուքը: Մինչ սպանելը զինվորները նրան ստիպողաբար պարացրել էին»։

Թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունն էլ այսպիսին է.

«Մտնում էինք հայկական գյուղերն ու առանց տարիք և սեռ հաշվի առնելու սպանում բոլորին: Մեզ հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեցներ և հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում: Սակայն հրամանի համաձայն նրանց էլ սպանեցինք: Գերեվարեցինք և սպանեցինք նաև եկեղեցում թաքնված մարդկանց: Գելիգուզան գյուղում սպանվեց և կրակի տրվեց 800 հայ: Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին, որից հետո սվինների վրա բարձրացրին: Ես ոչ մի երեխա չեմ սպանել: Նույնիսկ երկու երեխայի եմ փրկել՝ երեք օր իմ վրանում եմ թաքցրել: Սակայն մի օր մտա և վրանում գտա այդ երեխաների մասնատված մարմինները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը