Աշխարհ

20.04.2009 17:53


Արա Նռանյան. «Սահմանները փակել է Թուրքիան, հետևաբար Թուրքիան էլ պետք է բացի»

Արա Նռանյան. «Սահմանները փակել է Թուրքիան, հետևաբար Թուրքիան էլ պետք է բացի»

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում և, ընդհանրապես համաշխարհային հանրության մոտ ևս, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարց գոյություն չունի.

-Իրականում գոյություն ունի մի խնդիր, որը Թուրքիայի կողմից օգտագործվում է որպես լծակ Հայաստանի հանրապետության վրա ճնշում գործադրելու համար,- կարծում է Արա Նռանյանը։

Ըստ Ա. Նռանյանի, Թուրքիային իրականում մի հարց է հետաքրքրում՝  ցեղասպանության ճանաչումը  և ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր գործընթացի սկիզբն ու ձևավորումը։

-Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն առանձնապես լուրջ խնդիրներ չեն հայ-թուրքական հարաբերություններում։ Մեր հարաբերությունների առանցքը  ցեղասպանության ճանաչումն է և ցեղասպանության հետևանքների վերացումը,-կարծում է նա։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը երբեք դեմ չի եղել և դեմ չի սահմանի բացմանը, քանի որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն առնվազն տարօրինակ է, սակայն իրենց համար անընդունելի կլինի սահմանի բացման կամ կարգավորման ուղղությամբ արվող քայլերի դիմաց քաղաքական նախապայմանների ընդունումը.

-Սահմանի բացման խնդիրը Հայստանում քննարկելն ընդհանրապես անհիմն է, քանի որ սահմանները փակել է Թուրքիան, հետևաբար Թուրքիան էլ պետք է բացի։ Հարցը ոչ թե բացել չբացելու մեջ է, այլ նրա մեջ՝ պատրա՞ստ ենք արդյոք մենք սահմանի բացմանը, թե՞ ոչ, արդյո՞ք կառավարությունն ինչ-որ բան անու՞մ է, գործարարներն ինչ-որ բան անո՞ւմ են այդ ուղղությամբ, թե՞ միայն մտածում են որ որոշակի պայմաններ ստեղծեն  իրենց բիզնեսի համար և վերջ։ Պետք է իսկապես դառնալ ավելի մրցունակ,- ասել է Արա Նռանյանը։

ՀՅԴ Բյուրոյի հանձնարարությամբ աշխատում է մի խումբ, որը մանրամասն ուսումնասիրել է Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունների համեմատական առավելությունները, ինչպես նաև սահմանի բացման դեպքում տնտեսական համագործակցության արդյունքում Հայաստանի վրա հնարավոր հետևանքները։

-Այսօր, պրոտեկցիոնիստական քաղաքականության շնորհիվ, Թուրքիան զարգացրել է իր ազգային տնտեսությունը և տնտեսական առումով մեծ թռիչք է ապահովել։ Մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ՝ թե՛ մեր ապրանքները արտահենելու, թե՛ թուրքական ապրանքների ներհոսքին դիմագրավելու առումով։ Թուրքիայում, օրինակ,  գոյություն չունի հողի հարկ, Հայաստանում գոյություն ունի, Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքներն ավելի մրցունակ են, քան հայկական ապրանքները և այլն։ Պետք է շտկենք մեր տնտեսական քաղաքականությունը,- կարծում է Արա Նռանյանը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, սահմանները պետք է բացվեն և երկու երկրների միջև պետք է  հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք, սակայն, չպետք է խանգարեն սեփական իրավունքների հետապնդմանը, քանի որ այս հարցը «ոչ միայն պետության այլ ամբողջ հայության խնդիր է, և սփյուռքը չպետք է առանձնացնել Հայաստանից։ Այդ իսկ պատճառով, հարաբերությունների կարգավորումը պետք է բխի համայն հայության շահերից»։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը