Լրահոս

27.12.2021 12:48


Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին: Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կհայտնվեն կոնկրետ քայլերի հիման վրա»,-ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Անկարան և Երևանը հեռախոսազրույցների ընթացքում կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն էլ պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․

Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը