Քաղաքական

13.01.2022 09:31


Ադրբեջանական կողմը Բերքաբերի «բերանով» ճանապա՞րհ է պատրաստվում կառուցել

Ադրբեջանական կողմը Բերքաբերի «բերանով» ճանապա՞րհ է պատրաստվում կառուցել

2020 թվականին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:

168.am-ի տեղեկություններով, այսօր արդեն ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Ավելի կոնկրետ՝ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2016-ին հայ լրագրողների «թեթև» ձեռքով Ադրբեջանը «գրավել» էր Օդունդաղի բարձունքը: Ավելի ուշ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը քարտեզի միջոցով մանրամասնել էր, թե իրականում ինչ է կատարվել սահմանի այդ հատվածում:

«Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերը։ Իսկ Մազամից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Ղուշչի Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքը, արդեն 25 տարի է, ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան»,-նշվում էր կայքի հոդվածում:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, կասկածելի ձողեր են հայտնվել այն տեղերում, որոնք, ենթադրաբար, անկլավների տարածքում են:

«Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը սահմանազատման գործընթացի համատեքստում նշել էր.

«Եթե մենք նայենք գեոդեզիստներին, օգտագործում են օդում պայմանական կախված սպուտնիկներ, իրականում դրանք չի լինում կախել օդում, դրանք տեղաշարժվում են և շարժական համակարգերի միջև մետրի, սանտիմետրի ուղղությամբ չի լինում, կան աշխարհագրական պարամետրեր: Ես լեռներում շատ եմ տեսել, կան սյուներ, որոնց հստակ կոորդինատները աշխարհի վրա որոշված են և այնպես են դրանք կազմակերպվել՝ առնվազն խորհրդային տարածքում, որ ցանկացած տեղից երեք սյուն հնարավոր լինի գտնել: Եթե երեք սյան կետերի կոորդինատները հայտնի են, դրանց համեմատ անկյունով-բանով կարելի է որոշել ցանկացած այլ վայրի կոորդինատ: Ինչի եմ դա ասում, որովհետև զավեշտի են հասնում դեպքերը, երբ եկել Որոտանում ասել են՝ սահմանն այստեղով պիտի անցնի, որովհետև թեպետ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահման, որպես այդպիսին, չի եղել, բայց կոնկրետ այդ վայրում եղել է սահմանազատում՝ սյուն է եղել: Ասում են՝ էդ սյունը էնտեղ է՝ 100 մետր այն կողմ թե ոչ, GPS-ը ճիշտ այստեղով է անցնում»:

2021-ի դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների գոյության իրավական հիմք չեն գտնում:

Իսկ հարցին, թե նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես գրում է մամուլը, Փաշինյանը խուսափողական պատասխան էր տվել, ավելի ճիշտ՝ հարցը շրջանցել էր՝ ասելով, որ քննարկում է գնում, թե ո՞ր թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ:

«Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից՝ էն 1975 թվականի: Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ եթե էսպես ընթանան պրոցեսները, մենք ինչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Եվ եթե հանկարծ ունենանք, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: Իմիջիայլոց, 1975 թվի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ շատ մեծ, բայց էական կտոր,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Հիմա ես կարող եմ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք հիմա ուսումնասիրում ենք, և ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,-նշել էր Փաշինյանը: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ «կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ»:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն ավելի ուշ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից համոզվեցինք, որ Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, և, ըստ էության, «թղթի վրա» է:

Ավելի վաղ գրել էինք, որ Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ավելին, կարող ենք կորցնել մարտական դիրքեր Շամշադինից, Նոյեմբերյանից, իսկ հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի:

Ի դեպ, fip.am-ի՝ Google Earth և Google Maps ծրագրերի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ հայկական կողմի գրաված «Անվախ» դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում է, որի սահմանները համարվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Այն գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում:

Վերադառնալով Ջողազի ջրամբարին, նշենք, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից անցած տարի լրագրողներին հայտնել էին, որ ջրամբարի մինչև վերին ամբարտակի եզրը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սակայն Բերքաբեր գյուղի ոռոգվող հողամասերի 70-80 %-ը ադրբեջանական վերահսկողության տակ է։

«Բերքաբերի (Ջողազ) ջրամբարից ՀՀ ոչ մի գյուղ այժմ չի օգտվում, չնայած որ 7-8 գյուղ ամբողջությամբ ոռոգվող դաշտեր են ունեցել։ Ամբողջապես կառուցված է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ՀՀ վերահսկողության ներքո չէ»,-ասել էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը:

168.am-ը գրել էր, որ հաճախ Ադրբեջանի ռազմական քայլերը զուտ մեկ-երկու դիրք գրավելը չէ, ավելի հեռուն գնացող նպատակներ են լինում, կան: Այն է՝ տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են ջրային ռեսուրսների համար, և Ադրբեջանը փորձում է տեղավորվել հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Այս խորագրի վերջին նյութերը